Ադրբեջանի ԱԻՆ-ի զորավարժությանը ներկա կլինի Իրանի ներքին գործերի փոխնախարարը

Նոյեմբերի 24-ին Կասպից ծովում կմեկնարկի Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության «Կասպյան-2015» (Xəzər-2015) զորավարժությունը, որին բացի ԱԻՆ փրկարար ծառայությունից մասնակցելու են նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) որոնողափրկարարական աշխատանքների վարչությունը և անձնակազմեր պաշտպանության նախարարությունից, հատուկ պետական ծառայության մարմիններից, պետական սահմանապահ ծառայությունից, ներքին գործերի և առողջապահության նախարարություններից, պետական ծովային ադմինիստրացիայից և բրիտանական BP նավթագազային ընկերությունից։

Զորավարժությանը նախորդող վարժություններ Կասպից ծովի ավազանում

Զորավարժությանը նախորդող վարժություններ Կասպից ծովի ավազանում

Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ԱԻՆ-ի ստեղծման 10-ամյակին նվիրված զորավարժությունն անցկացվելու է Բաքվում՝ Պետական նավթային ընկերության տարածքում։ Փրկարարական հատուկ տեխնիկայի և սարքավորումների կիրառմամբ վարժանքներն ընթանալու են ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում։

Զորավարժության անցկացման մասին հայտնի էր դեռ մեկ ամիս առաջ։ Նախապատրաստական փուլին ներգրավված են եղել նաև ինքնաթիռներ և ուղղաթիռներ։

Նշենք նաև, որ իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս զորավարժությանը ներկա է լինելու նաև Իրանի ներքին գործերի փոխնախարար, ճգնաժամային իրավիճակների կառավարման կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարը, ով վաղը՝ նոյեմբերի 24-ի առավոտյան, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար, գերներալ-գնդապետ Քյամմալեդին Հեյդարովի հրավերով պաշտոնական այցով ժամանելու է Ադրբեջան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *