Արցախ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 21-ին ներկա է եղել Ստեփանակերտում սպաների համար կառուցված 176 բնակարանանոց բնակելի շենքերի նորամուտի, ՊԲ շտաբի մարզադահլիճի բացման արարողություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:
Նախագահը մասնակցել է նաև հայկական զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ընթացքում, ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը ներկայացրել է 2015թ. բանակային տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների կատարման արդյունքում արձանագրված ձեռքբերումները և առկա հիմնախնդիրները:
Հանդիսավոր միջոցառումներից հետո Հայաստանի նախագահ Սարգսյանը, Արցախի ղեկավար Բակո Սահակյանը և զինված ուժերի հրամկազմը Պաշտպանության բանակի «Ասպարեզ» ուսումնական կենտրոնում հետևել են «Գիշերային պայմաններում հատուկ նշանակության խմբի հատուկ գործողությունները հակառակորդի առաջնային գծում ու մոտակա խորքում» և «Ջոկը պաշտպանությունում» թեմաներով ցուցադրական պարապմունքներին:
Ավելացնենք, որ նոյեմբերի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի զորամասեր և դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստականությանը։ Այնուհետ նախագահ Սարգսյանը մեկնել է Արցախ, որտեղ հետևել է Պաշտպանության բանակի գնդային մարտավարական զորավարժությանը։ Զորավարժությունից հետո նախագահ Սարգսյանն այցելել է ՊԲ հարավարևելյան զորամասեր, մասնակցել ռազմական նշանակության կարևոր օբյեկտների բացման արարողություններին:
Pingback: ՊԲ սպաներին բնակարաններ են հատկացվել Մատաղիսում | Ռազմ.info