Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի քրդական ուժերի դիրքերին

Նոյեմբերի 18-ին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատը» (YPG) մեղադրել է Թուրքիայի զինված ուժերին՝ Սիրիայի քրդերի վերահսկողության ներքո գտնվող Թել Աբյադ քաղաքի քրդական դիրքերի վրա կրակելու համար։ Այս մասին հայտնում է թուրքական IMC TV լրատվական կայքը։

YPG-ի քրդական ջոկատներ

YPG-ի քրդական ջոկատներ

Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ՝ նոյեմբերի 17, Թուրքիայի ԶՈւ-ն հրետանիով և հրազենով կրակել է Թել Աբյադի արևմուտքում գտնվող քրդերի 2 տարբեր դիրքերի վրա։ Նշվում է նաև, որ Թուրքիան հունիսի 24-ից սկսած պարբերաբար հարձակվել է YPG-ի դիրքերի վրա։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Քրդական PYG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին վերջնականապես հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը։

Նշենք, որ YPG-ն Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ճյուղերից մեկն է, որն էլ Թուրքիայում մշտապես դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև և սպառնալիք Թուրքիայի անկախությանը։ 2014-ի նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PYD-ին կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և PYD-ին բացահայտորեն աջակցելու համար մեղադրել ԱՄՆ-ին:

Հոկտեմբերի 25-ին, քրդական PYD-ն մեղադրել էր Թուրքիայի զինված ուժերին՝ իրենց վերահսողության տակ անցած Թել Աբյադ և Քոբանի քաղաքներում քրդական ուժերի վրա կրակելու համար։ Դրա հաջորդ օրը՝ հոկտեմբերի 26-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է՝ իրենք ուշադրությամբ հետևելու են, որ քրդական ուժերի վերահսկողությունը չանցնի Եփրատի արևմտյան ափ ու հավելել, որ իրենք կհարվածեն քրդերին այն պահին, երբ տա տեղի ունենա։ «Մենք արդեն 2 անգամ հարվածել ենք նրանց»,-նշել է Դավութօղլուն՝ հաստատելով PYD-ի նախորդ օրվա հայտարարությունը։

Նոյեմբերի 10-ին նմանատիպ հայտարարություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը։ Նա ասել է, որ իրենք կանեն ամեն ինչ, որ «ոչ ոք չանցնի Եփրատի արևմտյան մաս»։

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Այստեղ հարկ է նկատել, որ Թուրքիային անհանգստացնում է PYD-ի վերահսկողության տարածումը Եփրատից արևմուտք, քանի որ Եփրատից արևելք՝ Սիրիայի հյուսիսն ամբողջության քրդերի ձեռքում է։ PYD-ի վերահսկողության հնարավոր ընդլայնումը դեպի արևմուտք կհանգեցնի նրան, որ Թուրքիան կկորցնի Սիրիայի արաբաբնակ հատվածների հետ ցամաքային կապը։ Քարտեզում նշված ենթադրյալ «անվտանգ գոտին»հենց այն հատվածն է, որով Թուրքիան ցամաքային կապ է պահում Սիրիայի զինյալների հետ, դրանից արևելք և արևմուտք ընկած հատվածները (քարտեզում նշված է կանաչ գույնով) արդեն քրդերի ազդեցության տակ են:

Հիշեցնենք նաև, որ PYD-ն ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հիմնական դաշնակիցներից է և վերջերս հենց այս խմբին էր հասել ԱՄՆ-ի ուղարկած սպառազինությունը (ԱՄՆ-ն նշում էր, թե դա պատահական է եղել, որպեսզի չսրեր հարաբերությունները Թուրքիայի հետ)։

Ներկայում Թուրքիան և ԱՄՆ-ն կազմել են նոր ծրագիր, որով ամրացնելու են թուրք-սիրիական սահմանի այդ հատվածը, որպեսզի կտրեն «Իսլամական պետության» կապուղիներից մեկը, որով ահաբեկչական կազմակերպությունը նոր անդամներ է ստանում և առևտուր է անում:

One response to “Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի քրդական ուժերի դիրքերին

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 15–21 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *