ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային կարող է վաճառել 1.29 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Սաուդյան Արաբիային 1.29 միլիարդ ամերիկյան դոլարի «օդ-մակերևույթ» տիպի ավիառումբեր վաճառելու հնարավորութունը։

JDAM սարքավորումների համակարգեր

JDAM սարքավորումների համակարգեր

ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը (DSCA) Սաուդյան Արաբիային զենք վաճառելու որոշման մասին նոյեմբերի 13-ին հաղորդել է նաև ԱՄՆ Կոնգրեսին, նշված է գործակալության՝ նոյեմբերի 16-ի հայտարարությունում։

ԱՄՆ օրենսդիր մարմինն այս որոշումը հաստատելու կամ չեղարկելու համար ունի 30 օր։

Հաղորդման համաձայն՝ 1.29 մլրդ դոլարի սպառազինության մեջ մտնում են 22000 «խելացի» (smart) և սովորական ռումբ ու Joint Direct Attack Munition (JDAM) սարքավորումներ, այդ թվում՝

  • 1000 միավոր GBU-10 Paveway II լազերային ուղղորդմամբ ռումբ (LGB — Laser Guided Bomb)
  • 2300 միավոր BLU-117/MK-84 2000lb չկառավարվող ավիացիոն ռումբ (GP — General Purpose)
  • 4020 միավոր GBU-12 Paveway II լազերային ուղղորդմամբ ռումբ (LGB)
  • 8020 միավոր BLU-111/MK-82 500lb չկառավարվող ավիացիոն ռումբ (GP)
  • 1100 միավոր GBU-24 Paveway III լազերային ուղղորդմամբ ռումբ (LGB)
  • 1500 միավոր BLU-109 2000lb Penetrator ամրացված կառույցների խոցման ռումբ
  • 2000 միավոր GBU-48 Enhanced Paveway II ուղղորդվող ռումբ
  • 2000 միավոր BLU-110/MK-83 1000lb չկառավարվող ավիացիոն ռումբ (GP)
  • JDAM սարքավորումներ

Նշենք, որ հետևյալ զինատեսակներն արտադրում են ամերիկյան Boeing and Raytheon ընկերությունները, սակայն ամերիկյան պետական գործակալության փոխանցմամբ՝ դեռ հայտնի չէ, թե վերջնական պայմանագիրը որ կազմակերպության հետ է կնքվելու. այդ հարցը լուծվելու է անցկացվելիք մրցույթի միջոցով։

Ամերիկյան կողմը, մեկնաբանելով այս որոշումը, նշել է, որ սա աջակցություն է Սաուդյան Արաբիային՝ լրացնելու ռազմական պաշարները, որոնք սպառվում են տարածաշրջանում հակաահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև Եմենի շիադավան ապստամբների՝ հութիների դեմ պայքարում ներգրավվածության հետևանքով: Նշվում է նաև, որ այս քայլը կնպաստի սերտացնել ԱՄՆ-Սաուդյան Արաբիա ռազմական համագործակցությունը։

Պետքարտուղարության որոշմանը արձագանքել է նաև Եմենի հութիների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ, բրիգադի գեներալ Ահմեդ Ասիրին՝ նշելով, որ սպառազինության հնարավոր վաճառքը մեծապես կնպաստի Եմենում ապստամբների դեմ իրենց պայքարի արդյունավետության մեծացմանը. փոխանցում է արաբական «Ալ Արաբիա» հեռուստաընկերության կայքը։

Հավելենք, որ Joint Direct Attack Munitions-ը (JDAM) սարքավորումների համակարգ է, որը տեղադրելով չկառավարվող ռումբերի (անգլ. “dumb bombs”) վրա՝ դրանք վերածում են կառավարվող (ուղղորդվող) ռումբերի (անգլ. smart bomb): Դրանից հետո ուղղորդվող ռումբը աշխատում է GPS արբանյակային նավիգացիոն համակարգով: JDAM-ով արդիականացվող ռումբերը կարող են լինել 227 կգ-ից մինչև 907 կգ: Սարքավորումը ստեղծվել է ԱՄՆ-ում, առաջին խումբը արտադրել է Boeing ընկերությունը 1997 թ.:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *