Ռուսաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Սիրիայում հակաահաբեկչական պայքարում

Նոյեմբերի 17-ի երեկոյան Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսուա Օլանդը հեռախոսով զրուցել են միջազգային ահաբեկչության դեմ երկկողմ և բազմակողմ համագործակցության ակտիվացման մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի կայքը:

Ֆրանսիայի զինված ուժերի Rafale կործանիչները Սիրիայի երկնքում. սեպտեմբեր 2015թ.

Ֆրանսիայի զինված ուժերի Rafale կործանիչները Սիրիայի երկնքում. սեպտեմբեր 2015թ.

Կողմերը մասնավորապես պայմանավորվել են ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների ավելի սերտ կապեր ապահովել Սիրիայում երկու երկրների հակաահաբեկչական պայքարում: Այս հարցերի վերաբերյալ առավել մանրամասն զրույց կողմերը պայմանավորվել են անցկացնել Մոսկվայում նոյեմբերի 26-ին: (Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայում հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ բանակցությունների համար Ֆրանսիայի նախագահն այցելելու է Մոսկվա և Վաշինգտոն):

ՌԴ նախագահի կայքում ավելի ուշ դրված մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ Վլադիմիր Պուտինը նոյեմվերի 17-ին ՌԴ պաշտպանության ազգային կենտրոնում խորհրդակցություն է անցկացրել Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողությունների վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ ՌԴ նախագահը Միջերկրական ծովում ռուսաստանյան նավատորմի ղեկավարին հայտնել է, որ նրանց ուղղությամբ շարժվում է ֆրանսիական ռազմանավերի խումբ՝ ավիակրի գլխավորությամբ, և որ այդ խմբի հետ պետք է ուղիղ կապ հաստատել և աշխատել որպես դաշնակից:

Նույն խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարությունը երկրի նախագահին զեկուցել է «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ռազմավարական ավիացիայի հասցրած հարվածների մասին: Նշվել է, որ ռազմավարական ավիացիան ներգրավվել է Ռուսաստանի նախագահի հանձնարարության համաձայն, որով վերջինս պատվիրել էր ուժեղացնել ավիահարվածներն ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Պուտինի այդ հրահանգը եղել էր նոյեմբերի 16-ին՝ այն բանից հետո, երբ պարզվել էր, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսաստանյան ինքնաթիռի անկման պատճառը եղել է ահաբեկչությունը:

Տեսանյութում ներկայացված են ՌԴ ռազմավարական ավիացիայի հարվածները «Իսլամական պետության» դիրքերին (17 նոյեմբերի, 2015թ.):

Նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահի ներկայությամբ անցկացված խորհրդակցության ժամանակ ՌԴ ԶՈւ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը նաև ամփոփել է մինչև այժմ Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի գործողությունները: Ըստ Գերասիմովի զեկույցի՝ սեպտեմբերի 30-ից 48 օրվա ընթացքում ԻՊ դիրքերին հարվածելու համար ռուսաստանյան ավիախումբը կատարել է 2289 մարտական թռիչք և 4111 հարված հասցրել ԻՊ ենթակառուցվածքներին: Հարվածների արդյունքում ոչնչացվել է 562 կառավարման կետ, ահաբեկիչների պատրաստման 64 ճամբար, զինամթերքի պատրաստման 54 գործարան և այլն:

Ավելացնենք, որ Փարիզում նոյեմբերի 13-ին կատարված ահաբեկչությունից և այն բանից հետո, երբ պարզվեց, որ հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում ռուսաստանյան ինքնաթիռի անկման պատճառը ահաբեկչությունն է, Ֆրանսիան և Ռուսաստանն ակտիվացրել են իրենց գործողությունները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

One response to “Ռուսաստանը և Ֆրանսիան կհամագործակցեն Սիրիայում հակաահաբեկչական պայքարում

  1. Pingback: Ռուսաստանը և Ֆրանսիան համատեղ գործողություններով պայքարելու են ԻՊ-ի դեմ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *