ԱՄՆ-ն և Թուրքիան կամրացնեն թուրք-սիրիական սահմանը՝ ԻՊ մատակարարումը կտրելու համար

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ համատեղ գործողություն է սկսում Թուրքիայի հետ սիրիական սահմանը անվտանգ դարձնելու ուղղությամբ, որպեսզի դրանով փակի «Իսլամական պետություն» խմբավորման մատակարարման ուղիներից մեկը։ Այդ մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, փոխանցում է Reuters գործակալությունը։

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

Օգոստոսի կեսերին տեղեկություն եղավ, որ Թուրքիան Սիրիայի տարածքում «անվտանգ գոտի» է ստեղծում, ինչը շուտով հերքվեց: Ներկայում Թուրքիան նշում է, որ մտադիր են «անվտանգ գոտի» ստեղծել սահմանի մոտ և այդտեղից հեռացնել ԻՊ զինյալներին

«Իսլամական պետություն» խմբավորումը թուրք-սիրիական սահմանն օգտագործում է մատակարարում ստանալու և առևտուր անելու համար, ինչը ապահովում է ԻՊ-ի մեծ եկամուտները, ինչպես նաև խմբավորման շարքերի համալրումը նոր զինյալներով։ Ամերիկա-թուրքական նոր ծրագրի իրականացման դեպքում ԻՊ-ի համար այդ սահմանը կփակվի։

CNN-ի հետ հարցազրույցում Ջոն Քերին հայտնել է, որ Սիրիայի սահմանի 75%-ի անվտանգությունն ապահովված է, և Թուրքիայի հետ համատեղ գործողության արդյունքում պետք է ապահովվի նաև մնացած 98 կմ տարածքի անվտանգությունը։

ԱՄՆ-ի և Թուրքիայի համատեղ ծրագրի համաձայն՝ չափավոր սիրիական ապստամբները, ովքեր անցել են ԱՄՆ բանակի մարզումներ, պետք է ցամաքային մարտեր մղեն ԻՊ դեմ և օգնեն Թուրքիայի ավիաբազաներից ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդային հարվածներ հասցնելուն։ Հայտնի է նաև, որ ապստամբների միջուկը, որի թվաքանակը 60 հոգուց էլ քիչ է, լինելու է լավ հագեցված և ի վիճակի է լինելու անհրաժեշտության դեպքում օդային աջակցություն ստանալ։ (Հիշեցնենք, որ ԱՄՆ մարզումներն անցած զինյալների նախորդ խումբը հուլիսին անհաջողության էր մատնվել Սիրիայում «Նուսրայի ճակատի» դեմ պայքարում):

ԱՄՆ-ի հետ նոր համատեղ գործողությունների մասին դեռևս նոյեմբերի 9-ին հայտարարել էր Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ում հայտարարությունը նոյեմբերի 10-ին կրկնել և հաստատել էր երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ավելացնելով նաև ԻՊ դեմ պայքարելու համար Թուրքիայի կողմից նոր ավիաբազաներ տրամադրելու պատրաստակամության մասին։ Իսկ նոյեմբերի 12-ին արդեն հայտնի էր դարձել ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից ԻՊ-ի դեմ համատեղ մշակվող նոր ծրագրի մասին։

Ավելացնենք, որ ներկայում Սիրիայում և Իրաքում հսկայական տարածքներ վերահսկող «Իսլամական պետություն» խմբավորումն իր շարքերը համալրում է մասնավորապես նաև Թուրքիայից Սիրիա անցնող զինյալներով: Իր եկամտի աղբյուր նավթը նույնպես «Իսլամական պետությունը» վաճառում է մասնավորապես նաև թուրք-սիրիական սահմանում:

Թուրք-սիրիական սահմանի այդ «բաց» հատվածը (քարտեզում նշված է որպես «անվտանգ գոտի») մոտավորապես ընկնում է Եփրատից, Սիրիայի Ջերաբլուս քաղաքից դեպի արևմուտք և ձգվում մինչև Սիրիայի Ազազ, Թուրքիայի Քիլիս քաղաքների մոտ: «Բաց» հատվածից դեպի արևմուտք և դեպի արևելք ընկած տարածքները հսկում են Սիրիայի քրդական ուժերը, որոնց դաշնակից է համարում Միացյալ Նահանգները և որոնց նկատմամբ թշնամական է տրամադրված Թուրքիան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *