Նոյեմբերի 18-ից 26-ը Թուրքիայում ԶՈւ 1-ին բանակի 3-րդ կորպուսի հրամանատարությունը անցկացնելու է «Եվրասիական աստղ-2015» (Eurasian Star-2015) զորավարժությունը։ Վարժանքները անցկացվելու են Ստամբուլ և Իզմիր քաղաքներում։ Այս մասին հայտնում են Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։

«Հարավարևելյան եվրոպական բրիգադի» գլխավորած Seven Stars-2014 զորավարժությանը մասնակցող համտեղ զորքերը։
Զորավարժության նպատակն է փորձարկել 3-րդ կորպուսի կարողությունները՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից ուժ, ինչպես նաև բարելավել անձնակազմի կառավարման մեթոդները և կորպուսի ռեսուրսները։
Զորավարժությանը մասնակցելու են Թուրքիայի ԶՈւ 3-րդ կորպուսի ջոկատներ, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի մարդասիրական օգնության բրիգադներ, «Հարավարևելյան եվրոպական բրիգադը» (SEEBRIG – South-Eastern Europe Brigade) և Ռումինիայի ԶՈւ ներկայացուցչներ։
Նշենք, որ SEEBRIG-ը Հարավարևելյան Եվրոպայի յոթ երկրների մասնակցությամբ ստեղծված խաղաղապահ բրիգադ է, որի կազմում ծառայում են Թուրքիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ալբանիայի և Իտալիայի զինծված ուժերի զինծառայողներ։
SEEBRIG-ը ստեղծվել է 1998 թվականին։ Բրիգադի հրամանատարությունը հերթականությամբ փոխանցվում է անդամ երկրներից մեկին, իսկ 4 տարին մեկ փոփոխվում է բրիգադի կենտրոնակայանի տեղակայման վայրը։