Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտոնից և զինծառայությունից ազատվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով այդ երկրի պաշտպանույան նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, ինչպես նաև զինծառայությունից ազատվել է բանակի գեներալ Արկադի Բախինը։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի կայքը։

ՌԴ ԶՈւ բանակի գեներալ Արկադի Բախին

ՌԴ ԶՈւ բանակի գեներալ Արկադի Բախին

Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, Բախինը որոշել է դուրս գալ զինծառայությունից և աշխատել պետական «Ռոսատոմ» հոլդինգում։ Այս հոլդինգը ստեղծվել է ՌԴ ատոմային էներգիայի նախարարության հիման վրա։ Ներառում է հարյուրից ավելի ընկերություններ, այդ թվում՝ ՌԴ միջուկային սպառազինության համալիրը։

Նշենք, որ Արկադի Բախինը ծնվել է 1956 թվականին Լիտվայում։ 1977 թվականին ավարտել է Մոսկվայի համազորային հրամանատարական վարժարանը, 1987թ. Միխաիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1997 թվականին ավարտել է ՌԴ զինված ուժերի ԳՇ ռազմական ակադեմիան։

2012 թվականին նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում։ Վերջինիս վերահսկողության տակ են եղել ՌԴ ԶՈւ մարտական պատրաստության գլխավոր վարչությունը, ՊՆ ռազմական ոստիկանությունը, ԶՈւ ավիացիայի թռիչքների անվտանգության ծառայությունը, զինուժում զենքի շրջանառության վերահսկողությունը և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *