ԼՂՀ պաշտոնյան «գործարք» է առաջարկում Ադրբեջանին. ամփոփում

Այսօր մամուլում տեղ էին գտել լուրեր, որոնք երեկ կատարվածի արձագանք կարելի է համարվել։ Ըստ այդմ՝ ՀՀ ՊՆ-ն չի մեկնաբանել մոլդովացի նախարարի՝ զինամթերքի առք-վաճառքի մասին հայտարարությունը, մյուս կողմից՝ վարկած կա, որ զինամթերքն արդեն իսկ Հայաստանում է, ՊՆ-ում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, զորակոչին ընդառաջ ՊՆ-ն կոչ է անում զերծ մնալ տարաբնույթ գործարքներից, ԼՂՀ ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ դեմ չեն ադրբեջանցի փախստականների վերադարձին, ԼՂՀ ՊԲ-ն ամփոփել է հրադադարի խախտման դեպքերը։

Երեկ ողջ օրվա թեմաներից էր Մոլդովայի կողմից՝ Հայաստանին զենք վաճառելու մասին պայմանագրի չեղյալ համարումը, իսկ այսօր ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը նշել է, որ ՊՆ-ն հրաժարվում է մեկնաբանել Մոլդովայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե «չնայած առկա աղմուկին` իրենք պատրաստվում են ավարտին հասցնել Հայաստանին վաճառած զենքի վերջին մասնաբաժնի փոխանցումը»: Մինչ ՊՆ-ն հրաժարվում է՝  գաղտնի աղբյուրները չեն բացառում, որ մոլդովական զենքն արդեն իսկ Հայաստանում է։

Զենքի գնման ու վաճառքի մասին խոսակցությունները թողնեմ հանգիստ ու նշեմ, որ այսօր ՊՆ-ում նաև քննարկել են աշնանային զինակոչին առնչվող հարցեր և ամփոփել են գարնանային զորակոչը ։ Իսկ ՊՆ քննչական ծառայության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ զորակոչին առնչվող տարաբնույթ գործարքներից և կաշառքի առաջարկ ստանալու դեպքում դիմել պատկան մարմիններին։

Մինչ վերոնշյալ կաշառքները հետապնդվում են օրենքով՝ ԼՂՀ մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը «գործարք է առաջարկում» Ադրբեջանին. « Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը ներկայիս սահմաններով՝ մենք դեմ չենք ադրբեջանցիների վերադարձին»։

Իսկ Ադրբեջանն այդ ընթացքում իր գոյության մասին հիշեցնել է տալիս և պարբերաբար խախտում հրադադարը՝ «ՍՎԴ», «Սև նետ», «ՊԿ» և «ԴՇԿ» տիպի գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 850 կրակոց:

Մամուլի հրապարակումներից էլ պարզ է դառնում, որ եղանակային պայմանների պատճառով զրահատեխնիկա տեղափոխելու համար նախատեսված քարշակ-մեքենաներից մեկը որոշ ժամանակով Երևան-Սիսիան ավտոճանապարհին դադարեցրել է ընթացքը։

Իսկ վերջում մեջբերենք ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանի հարցազրույցից մի քանի հատված.

-Եթե հրամանատարները ճանաչեն զինվորներին, իմանան նրանց ունակությունները, ապա նույնիսկ հակառակորդի` մի քանի անգամ լավ պատրաստված զորքը չի կարող հաղթել մեր տղաներին:

-Ծառայել եմ Խորհրդային բանակում, որտեղ ադրբեջանցի զինվորներ էլ կային և ոչնչով աչքի չէին ընկնում: Իհարկե, թշնամուն չի կարելի թերագնահատել: Նրանց մեջ էլ միգուցե կան խիզախներ, բայց հայ զինվորին հավասարվել չեն կարող:

-Վլ. Պուտինն իր ելույթներից մեկի ժամանակ հատուկ շեշտել է այն միտքը, որ ով կպատերազմի ՌԴ ռազմավարական գործընկերոջ հետ, ստիպված կլինի պատերազմել նաև Ռուսաստանի հետ: Այսինքն` նա բացահայտ ասաց, որ մենք մենակ չենք: Նույն համոզմունքը նախագահ Դմ. Մեդվեդևը ևս արտահայտեց` Գյումրիում Պատվո բլուրի բացման արարողության ժամանակ:

 

Սրանք էին այն հիմնական թեմաները, որոնց այսօր անդրադարձել էր հայկական մամուլը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *