Փարիզի` նոյեմբերի 13-ի ահաբեկչությունից հետո Ֆրանսիան իր ամենալուրջ ավիահարվածներն է հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կենտրոնին՝ Սիրիայի Ռաքքա քաղաքին: Այս մասին տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:
Կիրակի՝ նոյեմբերի 15-ին, իրականացված ավիահարվածներին մասնակցել են Ֆրանսիայի զինված ուժերի 10 միավոր կործանիչ, որոնք 12 ավիառումբ են նետել ԻՊ դիրքերի վրա: Ֆրանսիական օդուժի թիրախները եղել են ԻՊ կենտրոնակայանում տեղակայված սպառազինության պահեստն ու զինյալների պատրաստման կենտրոնը:
Մինչ այս Ֆրանսիան բավական պասիվ էր մասնավորապես Սիրիայի տարածքում ԻՊ դեմ պայքարում: Մինչ Փարիզի ահաբեկչությունը Ֆրանսիան Սիրիայում ԻՊ դիրքերին հարվածել է ընդամենը երեք անգամ, ընդ որում՝ ավիահարվածներից վերջինը եղել է ահաբեկչությունից օրեր առաջ, երբ ֆրանսիական օդուժը հարվածել է ԻՊ նավթահորերին՝ ահաբեկչական կազմակերպությանը ֆինանսական միջոցներից զրկելու համար:
Ավելացնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի կենտրոնական հատվածում միաժամանակ 7 ահաբեկչական հարձակում է եղել, ինչի հետևանքով սպանվել է ավելի քան 120 մարդ: Դրանից հետո Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն: