Վրաստանում ամփոփել են «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի այս տարվա աշխատանքը

Նոյեմբերի 11-ին Վրաստանի ՊՆ վերահսկողությամբ գործող «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձոուաշվիլին գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ ամփոփել է 2015 թվականին Կախեթի շրջանում տեղակայված ավտոմատացված հակակարկտային կայանների աշխատանքը։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձոուաշվիլին ամփոփում է 2015 թվականը

«Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ուչա Ձոձոուաշվիլին ամփոփում է 2015 թվականը

Հանդիպմանը ներկա են եղել գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան, պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Էմբրալիձեն։ Վերջինս հայտնել է, որ հակակարկտային կայանի ծրագիրը հաջողված է, քանի որ բարձր է եղել արդյունավետությունը։

Դեռևս 2013 թվականին Վրաստանի կառավարության պատվերով «Դելտան» սկսել էր աշխատել հակակարկտային համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Նշվում է, որ համակարգի էլեկտրոնային և մեխանիկական մասերի մեծ մասը պատրաստվել է հենց կենտրոնում։ Համակարգը բաղկացած է Թբիլիսիում կառավարման կետից, Սղնախում տեղակայված կենտրոնական օդերևութաբանական ռադիոտեղորոշիչից և ամբողջ Կախեթիում տեղաբաշխված հրթիռային 80 կայանից։

Հավելենք, որ համակարգը սկսեց աշխատել այս տարվա մայիսի 28-ից։ Համակարգի օգտագործման ամբողջ շրջանում կիրառվել է հակակարկտային 1000 հրթիռ։ Կենտրոնը պնդում է, որ դրանց արդյունավետությունն 95 տոկոս է եղել և հավելում, որ «համակարգը համապատասխանում է միջազգային ստանդարտներին»։

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի Կախեթի շրջանի Կաբելի գյուղում երբ «Դելտայի» աշխատակիցները կարկտաբեր ամպի ուղղությամբ կրակել էին հակակարկտային կայանից,  արկն ընկել էր գյուղի տներից մեկի վրա, ինչի հետևանքով հրդեհ էր բռնկվել։ Վնասվել էր տան տանիքն ու պատը, տուժածներ չկային։

Միջադեպից հետո «Դելտայում» նշեցին, որ «արկը շարքից դուրս է եկել տեխնիկական ինչ-որ անհասկանալի պատճառներով, և միջադեպը կախված չի գիտահետազոտական կենտրոնի աշխատանքից, քանի որ այդ արկերը կենտրոնը գնում է Մակեդոնիայից»։ Միջադեպից որոշ ժամանակ առաջ «Դելտայի» տնօրեն Ուչա Ձոձուաշվիլին նշել էր, որ նախատեսում են ամռան վերջին սկսել հակակարկտային կայանների համար հրթիռների արտադրություն։ Վերջինս հավաստիացրել էր, որ «Դելտան» նախագծել է ամբողջ համակարգը և միայն մնում է սկսել արտադրել։

«Դելտայի» հավաստիացումներին, թե ամեն ինչ հարթ է ընթանում, Վրաստանի պաշտպանության նախարարը չի հավատում։ Վերջինս օգոստոսին դժգոհեց կենտրոնի աշխատանքներից, մասնավորապես, «Դիդգորի» զրահամեքենաներից ( հենց «Դիդգորին» է օգտագործվում հակակարկտային կայանների արձակման կայանների համար), հայտնելով, որ բանակցում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնում դիտորդների խորհուրդ նշանակելու կապակցությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *