Հայաստանն Ուկրաինայից Սմե՞ռչ է գնել

Երեկ ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ միաժամանակ տեղեկացրին, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Գմիզան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին նամակով Հայաստանի հետ ռազմական համագործակցության վերաբերյալ մի շարք առաջարկություններ է ներկայացրել։ Ըստ ադրբեջանական կայքերի՝ նամակում խոսվում է Հայաստանին 12 հատ համազարկային կրակի ռեակտիվ 9Կ58 «Սմեռչ» և 50 հատ «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համակարգեր (ԴԶՀՀ) վաճառելու գործարքի մասին։ Գմիզան առաջարկում է, որ «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունն Ադրբեջանի հետ ավելորդ գժտություններից խուսափելու նպատակով առևերույթ դադարեցնի գործարքը։ Իր հերթին՝ հայկական կողմին, որն արդեն վճարել է գործարքի արժեքի 50%-ը, առաջարկվում է արբիտրաժային դատարան դիմելու իմիտացիա անել։ Այդ ամենից հետո գործարքի իրականացումը պիտի շարունակվի միջնորդ ընկերությունների և պետությունների միջոցով։ Մասնավորապես՝ նշվում է Մոլդովայի անունը, իսկ գնվող զենքը, իսկ ավելի կոնկրետ՝ «Իգլա» ԴԶՀՀ-ները, պիտի ներկայացվեն որպես Լիբիայում ապստամբների գրաված ռազմապահեստներից դուրս բերվող սպառազինություն։

Թե որտեղից է ի հայտ եկել այդ նամակը և երբ է այն գրվել, ադրբեջանական աղբյուրները չեն նշում, բայց, հաշվի առնելով, որ հիշատակվում են Լիբիայի ապստամբները, կարելի է ենթադրել, որ նամակը (եթե այն իրականում գոյություն ունի), գրվել է նախորդ տարի, լիբիական իրադարձությունների ժամանակ։

Հիշեցենք նաև, որ Մոլդովան իր հերթին դեռ նախորդ տարի Հայաստանին լատվիական և ուկրաինական միջնորդ ընկերությունների միջոցով վաճառել էր զենքի և զինամթերքի մեծ խմբաքանակ, այդ թվում՝ ամենայն հավանականությամբ համազարկային կրակի ռեակտիվ «Ուռագան» համակարգեր։

4 responses to “Հայաստանն Ուկրաինայից Սմե՞ռչ է գնել

  1. Pingback: Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *