Ռուսաստանն ու Իրանը համաձայնել են, որ ռուսաստանյան արտադրողը Իրանին մատակարարի նախկինում Սիրիայի համար արտադրված Ս-300ՊՄՈւ-2 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին հայտնել է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի անանուն աղբյուրը՝ ՌԴ ռազմարդյունաբերական ոլորտից:
Այն բանից հետո, երբ երեկ՝ նոյեմբերի 9-ին, հայտնի դարձավ ռուս-իրանական համաձայնության մասին, լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ նոր պայմանագրի արժեքը մոտ 1 մլրդ ամերիկյան դոլար է, իսկ հենց համակարգերը Իրանին են մատակարարվելու ամենաշուտը 2017 թվականին:
Այս համակարգերը Ռուսաստանում էին մնացել այն բանից հետո, երբ 2010 թվականին կնքված ռուս-սիրիական գործարքը սառեցվել էր: Պայմանագրով Ռուսաստանը Սիրիային պիտի հանձներ 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 համակարգեր, սակայն Սիրիայում պատերազմական վիճակի պատճառով, ինչպես նաև Իսրայելի խնդրանքով Ռուսաստանը սառեցրել էր գործարքի կատարումը: Արդյունքում Սիրիա էին հասել միայն համակարգի ռադիոտեղորոշման կայանները, իսկ հրթիռների արձակման կայանները մնացել էին Ռուսաստանում:
Հետագայում ռուսաստանյան կողմը հայտարարեց, որ մտադիր չէ վնասներ կրել պայմանագրի չկատարումից և պատրաստ է համակարգերը տրամադրել այլ պատվիրատուի, եթե այդպիսին լինի:
Բուն ռուս-իրանական նոր գործարքին անդրադառնալով՝ արաբական «Ալ Ջազիրայի» կայքը նշել է, որ Իրանին Ս-300 համակարգերի վաճառքը տարածաշրջանում կարող է սպառազինությունների նոր մրցավազքի մղել: Թեև Ս-300-ը համարվում է պաշտպանաան զինատեսակ, բայց այն կարող է «ստելս» չափանիշներին չհամապատասխանող թիրախներ խոցել նաև Իրանի սահմաններից դուրս: Սա ամերիկյան զինված ուժերին կարող է մղել, որ տարածաշրջանում տեղակայեն հենց «ստելս» համակարգի ինքնաթիռներ:
Ավելացնենք, որ ռուս-իրանական առաջին գործարքը կնքվել էր շատ ավելի վաղ: Իրանին 5 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-1 համակարգեր մատակարարելու վերաբերյալ պայմանագիրը, որի գինը շուրջ 800 մլն դոլար էր, կողմերը կնքել էին դեռևս 2007թ.: Սակայն ՄԱԿ-ի՝ Իրանին ժամանակակից սպառազինություն վաճառելու արգելքից հետո Ռուսաստանը հրաժարվեց տրամադրել համակարգերը, ինչը, սակայն, դուրս էր ՄԱԿ-ի արգելքի սահմաններից: Միաժամանակ Ռուսաստանը վերադարձրել էր Իրանի վճարած 167 մլն դոլարը: Ենթադրաբար այս քայլը պայմանավորված էր Իսրայելի ճնշումներով:
Սակայն իրանական կողմին դա չէր գոհացրել, և Իրանը Ժնևի միջազգային դատարան հայտ էր ներկայացրել ռուսաստանյան «Ռոսօբորոնէկսպորտի» դեմ՝ 4 մլրդ ամերիկյան դոլար տուգանքի պահանջով:
2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը: Իրանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ Ռուսաստանը համակարգերը փոխանցելու է մինչև տարեվերջ: Սակայն ռուսաստանյան ընկերությունները ներկայում չեն արտադրում համակարգերի Ս-300ՊՄՈւ-1 տարբերակը՝ ինչով պայմանավորված էլ ՌԴ-ն և Իրանը բանակցություններ էին վարում նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Համակարգերի շուրջ բանակցությունների համատեքստում հոկտեմբերի վերջին հայտնի դարձավ Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ որի՝ հին պայմանագրի կնքումից հետո բավական ժամանակ է անցել, իսկ «Ս-300 համակարգը փոխվել է», այդ պատճառով անհրաժեշտ է Իրանին մատարարելուց առաջ կատարելագործել այն: Նոյեմբերի 5-ին էլ Իրանի պատվիրակությունը Ռուսաստանում այցելել է հակաօդային պաշտպանության միջոցներ, մասնավորապես նաև Ս-300 զենիթահրթիռային համալիրներ արտադրող «Ալմազ-Անթեյ» ընկերություն:
Pingback: Ռուսաստանը սկսել է Իրանին փոխանցել Ս-300 զենիթահրթիռային համակարգեր | Ռազմ.info
Pingback: Իրանը հետ է կանչել Ս-300-ների համար Ռուսաստանի դեմ ներկայացված դատական հայցը | Ռազմ.info