Նոյեմբերի 9-ին Լիտվայում մեկնարկել են միանգամից 5 տեղական և միջազգային զորավարժություններ, որոնք շարունակվելու են մոտ 1 ամիս։ Զորավարժություններին ընդհանուր առմամբ մասնակցում են 2800 զինծառայող 11 երկրից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Բրիտանիայից, Գերմանիայից, Չեխիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Հունգարիայից, Լատվիայից, Լեհաստանից և Լիտվայից, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը (Allied Rapid Reaction Corps (ARRC))։ Այս զորավարժություններից 2-ը շարունակվելու են նաև Բալթյան այլ երկրներում։ Հայտնում է Լիտվայի զինված ուժերի պաշտոնական կայքը։
«Լիտվայում անցկացվող զորավարժությունների հաճախակիությունը ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում ցույց է տալիս ինչպես լիտվական բանակի պատրաստվածությունը երկրի պաշտպանության համար, այնպես էլ ՆԱՏՕ-ի մոտեցումը Արևելյան Եվրոպայի հավաքական անվտանգության պատրաստությանը։ Մենք փորձելու ենք պահպանել հավասարակշռությունը միջազգային և տեղական զորավարժությունների միջև, քանի որ ռազմական ագրեսսիայի դեպքում հարկ է լինելու պաշտպանվել առաջին հերթին նրանով, ինչ ունենք, ինչին մենք ընդունակ ենք»,—հայտարարել է Լիտվայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յոնաս Վիտաուտաս Ժուկասը (Jonas Vytautas Žukas)։
5 զորավարժություններից միջազգային «Երկաթյա սուր-2015» (Iron Sword 2015) զորավարժությունը մեկնարկել է նոյեմբերի 8-ին և կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը Պաբրադ քաղաքում տեղակայված զորավարժարանում։ Այս զորավարժությանն առաջին անգամ մասնակցում են նաև Վրաստանցի զինծառայողները։
Ինչպես տեղեկացնում է վրաստանյան Newsgeorgia լրատվակայքը, Վրաստանի ՊՆ-ից իրենց հայտնել են, որ Վրաստանից զորավարժությանը մասնակցելու է 3 սպա։
«Վրաստանի Ազգային գվարդիայի շտաբի 3 սպա զորավարժությանը կմիանա նոյեմբերի 13-ից։ Նրանք միջազգային զորավարժությանը ներկա են լինելու որպես դիտորդներ»,— հաղորդում է լրատվամիջոցը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին։
ԱՄՆ-ն զորավարժությանը մասնակցելու իր «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաներով և Abrams տանկերով։
Հավելենք, որ Iron Sword 2015 զորավարժությունը 2-րդ անգամ է անցկացվում Լիտվայում, առաջին անգամ անցկացվել է 2014 թվականին։ Սա ՆԱՏՕ-ի՝ ռազմական պատրաստության և վարժանքների ծրագրի (MTEP — Military Training and Exercise Program) շրջանակներում իրականացվող զորավարժություն է։
Դեռևս 2014-ի զորավարժության ժամանակ Լիտվայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր (այն ժամանակ գեներալ-մայոր էր-Ռազմինֆո) Յոնաս Վիտաուտաս Ժուկասը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի 2014թ. Ուելսում կայացած գագաթաժողովից հետո Դաշինքը տարբեր միջոցառումներ է իրականացնելու, որոնց մի մասը կապված է Արևելյան Եվրոպայում անվտանգության ուժեղացմանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայության ընդլայնմանը տարածաշրջանում։
Հարկ է նշել, որ մերձբալթյան երկրներն Արևելյան Եվրոպայում որպես սպառնալիք դիտարկում են Ռուսաստանին, քանի որ վերջինս էլ հաճախ լայնամասշտաբ զորավարժություններ է իրականացնում այդ երկրների տարածքներին սահմանակից շրջաններում։
Տեղեկացնենք, որ Լիտվայում անցկացվելու են նաև Baltic Host 2015, Arcade Fusion 2015, Maple Arche 2015 և Confidence 2015 զորավարժությունները։