Ռուսական ՌՕՈՒ-ն նոր կործանիչը կստանա 2015 թվականին

Հինգերորդ սերնդի «Տ-50» կործանիչը կսկսի մատակարարվել Ռուսաստանի ռազմաօդային ուժերին 2015 թվականից։ Այս մասին գրեթե միաժամանակ հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարի օգնական գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը և Չկալովի անվան պետական թռիչքափորձարկման կենտրոնի ղեկավար գնդապետ Ռադիկ Բարիևը:

Բարիևը նաև հաստատել է, որ 2015-ին կործանիչները սերիական արտադրության կդրվեն «ԱԼ-41Ֆ1» («117») շարժիչներով։ Նշենք, որ թեև Տ-50-ի նախատիպերն արդեն զինված են այդ շարժիչներով, սակայն դրանց մշակումը դեռ լիովին չի ավարտվել։ Մասնավորապես «ՄԱՔՍ-2011» ավիաշոուի ժամանակ Տ-50-ի միաժամանակ երկու նախատիպերի մոտ էլ շարժիչի հետ կապված խնդիրները առաջացան, ինչի վերացման հետ կապված ինքնաթիռի փորձարկումները որոշ ժամանակով հետաձգվեցին։ Ընդհանրապես, ռուսական նոր ինքնաթիռի հանգույցների մեծ մասը, մասնավորապես՝ սպառազինությունը և ռադարները, դեռևս գտնվում են մշակման տարբեր փուլերում։

Ռադիկ Բարիևը նաև նշել է, որ Տ-50-ի առաջին նմուշները ավիացիոն զորամասերը կսկսեն ստանալ արդեն 2013-ին, բայց սերիական արտադրությունն ակնկալվում է 2015-ից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *