Հյուսիսային Կովկասի իրադարձությունները. 11 օգոստոսի. թարմացվող լրահոս

14:03 Դաղստանի Նովոլակ շրջանում օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացման ժամանակ ձերբակալվել է Նովոլակի Տուխչար գյուղի՝ 1980 թվականին ծնված մի բնակիչ: Վերջինս մեղադրվում է 2011 թվականի հուլիսից մինչև 2012 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում Զուրաբ Աբդուռազակովի գլխավորած զինված խմբավորմանը հանցակցելու համար: Այդ ամիսներին ձերբակալվածը տեղեկություններ և զինամթերք է տրամադրել հիշյալ խմբավորման զինյալներին:
Դաղստանի ՆԳՆ աշխատակցի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին ժամը 22:45-ի սահմաններում:
Նշենք, որ Զուրաբ Աբդուռազակովը սպանվել է մայիսի 19-ին՝ իրականացված հատուկ միջոցառումների ժամանակ:
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Դաղստանի Կիզիլյուրտի և Նովոլակի շրջաններում կրկին զինյալներին հանցակցելու մեղադրանքով Դաղստանի երկու բնակիչ էր ձերբակալվել:

***

12:40 Երեկ ժամը 21:40-ի սահմաններում անհայտ անձինք Դաղստանի Բույնակ քաղաքի Լոմոնոսովի անվան փողոցում մահափորձ են իրականացրել Բույնակի քրեական հետախուզության պետ՝ Օմար Դաուդովի նկատմամբ:
Վերջինս, ըստ Դաղստանի ՆԳՆ աղբյուրի, տեղափոխվել է հիվանդանոց:
Օմար Դաուդովի վիճակը կայուն է:

***

12:22 Երեկ ժամը 1:20-ի սահմաններում անհայտ անձը նռնականետից գնդակոծել է Ինգուշեթիայի Նազրան քաղաքի դատախազության շենքը:
Գնդակոծության հետևանքով վնասվել է միայն դատախազության շենքը: Զոհեր և տուժածներ չկան:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվում միջադեպի մանրամասները պարզելու և հանցագործությունն իրականացրած անձի հայտնաբերման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 21-ի գիշերը անհայտ անձինք ավտոմատներից և նռնականետերից գնդակոծել էին Նազրանի երկաթուղու կայարանի շենքը: Զոհեր և տուժածներ չեն եղել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *