Գերմանիան իր արբանյակային տվյալները կարող է կիսել ՆԱՏՕ գործընկերների հետ

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է 35 գործընկեր պետությունների հետ կիսել իր արբանյակային տվյալները՝ ռազմական նպատակով: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Defense News լրատվակայքը՝ գերմանական Der Spiegel-ին հղումով:

3D քարտեզի օրինակ

3D քարտեզի օրինակ

Արբանյակային տվյալներ մատակարարելու գործարքը գնահատվում է 360 մլն եվրո (մոտ 390 մլն ամերիկյան դոլար): Նախատեսվում է, որ մասնակից 35 պետությունների թվում լինելու են ինչպես Գերմանիայի ՆԱՏՕ-ական գործընկերները (ենթադրաբար՝ նաև Թուրքիան), այնպես էլ Ավստրալիան, Իսրայելը, Մերձավոր Արևելքի մի քանի երկրներ:

Արբանյակային տվյալները լինելու են 3D քարտեզների տեսքով, դրանք օգտակար են հատկապես հետախուզական, հատուկ գործողություններ ծրագրելու, օդային հարվածների թիրախավորման և այլ նպատակներով:

Գերմանական պարբերականը նշում է, որ Գերմանիայի նման որոշումը պայմանավորված է ամերիկյան ճնշմամբ: Խնդիրն այն է, որ ըստ պարբերականի՝ Գերմանիան ԱՄՆ-ից օրական ստանում է մեծ որակի հազարավոր արբանյակային լուսանկարներ, որոնք կարելի է օգտագործել ռազմական նպատակներով, ինչպես օրինակ Աֆղանստանում: Ամերիկյան կողմը Գերմանիայի վրա ազդում է, որպեսզի վերջինս էլ դրա փոխարեն իր տվյալներն ու համապատասխան ծրագրային ապահումը տրամադրի գործընկեր պետություններին:

Ըստ գերմանական Spiegel-ի աղբյուրների՝ ծրագիրը քննարկվել է Գերմանիայի խորհրդարանում, և կընդունվի մինչև տարեվերջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *