Ռազմինֆոն ամփոփել է Ադրբեջանի զինված ուժերի՝ հոկտեմբերի կորուստները • Զաքիր Հասանովն այցելել է Ղազախստան • Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդներն այցելել են երկրի ՌԾՈւ ռազմակայան • Մադաթ Գուլիևը նշանակվել է ԱԱՆ գերիների հանձնաժողովի նախագահ
• Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 4 դեպք։ Հայտնի դարձած բոլոր մահացածներն ու վիրավորները եղել են զինված ուժերի զինծառայողներ։ Մահացածներից մեկը սպանվել է մարտական պայմաններում, իսկ մյուսը, ով ինքնակամ լքել էր ծառայության վայրը, մահացել է դեռևս անհայտ հանգամանքներում։
• Նոյեմբերի 3-5-ը Ղազախստան է այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Հոկտեմբերի 5-ին Հասանովը եղել է Ղազախստանի զինված ուժերի ռազմական բարձրագույն ուսումնական հաստատության իմիտացիոն մոդելավորման կենտրոնում, ուսումնական լսարաններում ու ամբիոններում։
• Նոյեմբերի 5-ին Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են երկրի ԶՈւ ռազմածովային ուժերի համեմատաբար վերջերս շահագործման հանձնված գլխավոր ռազմակայանում, որտեղ ծանոթացել են ծառայության կազմակերպմանն ու ռազմակայանի գործունեությանը։
• Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, ներկայում՝ նախարարի պաշտոնակատար Մադաթ Գուլիևը հոկտեմբերի 30-ին նշանակվել է այդ գերատեսչության՝ Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ։
Հատկանշական է, որ մինչև կադրային փոփոխությունները հանձնաժողովը ղեկավարում էր ԱԱՆ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովը։ Զարգացումների այսպիսի ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ Գուլիևը շուտով կստանձնի նաև երկրի ԱԱՆ ղեկավարի պաշտոնը։
Ռազմաշաբաթը նաև՝