Վրաստանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է հստակ պատասխան

Ամերիկյան The Wall Street Journal թերթն իր նոյեմբերի 4-ի համարում հրապարակել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի նամակը՝ վերնագրված «Վրաստանն Արևմուտքից ազդանշանի է սպասում»։ Նամակում Խիդաշելին խոսում է ՆԱՏՕ-ին անդամակցության ու այդ ճանապարհին Ռուսաստանի որևէ դերակատարության բացառման մասին։

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին

Խիդաշելին իր հոդվածը սկսում է ուշադրություն հրավիրելով տարածաշրջանի վրա, նշելով, որ «չնայած միջազգային հանրությունը կենտրոնացել է Սիրիայի հակամարտության վրա, այնուամենայնիվ, Եվրոպայի համար կարևոր է չմոռանալ իրենց «տանն» ավելի մոտ սպառնալիքների մասին, քանի որ Ռուսաստանը դեռևս չի կատարել այս տարվա փետրվարին ստորագրած համաձայնագրի կետերը՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ինչպես նաև շարունակում է աջակցել Աբխազիային և Հարավային Օսիային»։

Վրաստանի պաշտպանության նախարարը խոսել է նաև 2016 թվականի հուլիսին կայանալիք Վարշավայի գագաթաժողովի մասին, նշելով.

«Եվրոպական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է, որ ՆԱՏՕ-ն վստահ որոշում կայացնի վարշավայի գագաթաժողովում։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ն պետք է Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլան (MAP- Membership Action Plan ) տա կամ հայտարարի, որ նմանատիպ պլանը պարտադիր պայման չէ Դաշինքին անդամակցելու համար»,— նամակում գրել է Խիդաշելին։

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրացիան անդառնալի է, ու Ռուաստանն այդ հարցում վետո դնելու իրավունք չունի։

Նամակում Թինա Խիդաշելին շեշտում է նորից, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չլինելով Աֆղանստանում ամենամեծ զորախումբն ունի ԱՄՆ-ից հետո։ Վրաստանից Աֆղանստանում հերթափոխով ծառայում են 870 զինծառայող։ Խիդաշելին անդրադարձել է նաև Վրաստանի մասնակցությանը մյուս առաքելություններին, մասնավորապես, Հարավաֆրիկյան հանրապետությունում և Վրաստանի դերին եվրոպական միջավայրում։

Եզրափակելով իր նամակը՝ Խիդաշելին հույս է հայտնել, որ «Վարշավայի գագաթաժողովից հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ոչ մի միջնորդական քայլ չի լինի»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *