Նոյեմբերի 4-ին՝ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում անցկացված ֆորումի ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանը միշտ կռվել է ընդդեմ ԻՊ-ի և շարունակում է պայքարը նրանց դեմ:
Միաժամանակ նա նշել է, որ ԻՊ-ն սպառնալիք է Թուրքիայի համար, և հայտնել, որ իրենք ռազմական գործողություններ են իրականացնելու ԻՊ-ի դեմ և պայքարելու են մերձավորարևելյան տարածաշրջանը ԻՊ-ի ահաբեկիչներից մաքրելու համար: Այս մասին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարության կայքը:
«Մենք հայտնում ենք մեր վճռականությունը ԻՊ-ի դեմ պայքարը Իրաքի հետ միասին շարունակելու համար և պատրաստ ենք ցուցաբերել և՛ ռազմական, և՛ մարդասիրական աջակցություն»,- ասել է Սինիրլիօղլուն:
Նա նաև հայտնել է, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ կազմվել է հատուկ գործողությունների նախագիծ, որը իրականցվելու է մոտ ապագայում:
Թուրքիայի արտգործնախարար Սինիրլիօղլուն Էրբիլ այցելության ընթացքում հանդիպել է նաև Իրաքյան Քրդստանի նախագահ Մեսութ Բարզանիի և վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ:
Հատկանշական է, որ ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-Թուրքիա համագործակցության վերաբերյալ հանդիպումներ ունենալու նպատակով նոյեմբերի 5-ին Անկարա է ժամանել ԱՄՆ Պետդեպարտամենտի քարտուղարի օգնականը: Այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը:
Նշենք նաև, որ ըստ թուրքական լրատվամիջոցների տեղեկությունների՝ նոյեմբերի 5-ին Թուրքիայի ՌՕՈւ կործանիչները կրկին մտել են Իրաքի տարածք և ավիահարվածներ են հասցրել PKK-ի դիրքերին:
Հիշեցնենք, որ Թուրքիան մի քանի ամիս առաջ ևս հայտնել էր ԻՊ-ի դեմ գործողություններ իրականացնելու մասին, սակայն իրականում հարվածել էր PKK-ի դիրքերին Իրաքյան Քրդստանի տարածքում:
Pingback: Թուրքիան կոչ է անում ստեղծել ԻՊ դեմ պայքարի համակողմանի ռազմավարություն | Ռազմ.info