Սիրիայում մարտական ինքնաթիռներ տեղակայելու հետ մեկտեղ Ռուսաստանն այդ երկիր է ուղարկել նաև զենիթահրթիռային համակարգեր՝ սեփական ուժերին այդ երկրում հնարավոր հարվածից պաշտպանելու նպատակով։ Այս մասին Комсомольская правда պարբերականին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը։
Ըստ նրա՝ Սիրիայում ռազմական ավիացիայից բացի նաև զենիթահրթիռային համակարգերի տեղակայման նպատակը տարբեր ֆորս-մաժորային իրավիճակներից պաշտպանվելն է, օրինակ՝ Սիրիային սահմանակից երկրում ինքնաթիռի առևանգումը և Սիրիայում տեղակայված ՌԴ զինուժին հարված հասցնելը։
Ուշագրավ է, որ Սիրիայում ռուսաստանյան զենիթահրթիռային համակարգերի տեղակայված լինելու մասին տեղեկատվության հայտնվելը համընկնում է հոկտեմբերի 30-ին Պենտագոնի խոսնակներից Լաուրա Սիլի՝ ԱՄՆ-ի կողմից Թուրքիա F-15C կործանիչներ ուղարկելու հայտարարության հետ: Կործանիչներ ուղարկելու պաշտոնական նպատակը, ըստ ԱՄՆ պաշտոնյայի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ պայքարն է։ Սակայն F-15C տեսակի կործանիչները կարող են միայն օդային թիրախների դեմ պայքարելու սպառազինություն կրել։ Իսկ ԻՊ զինյալները չունեն օդուժ, ինչից կարելի է ենթադրել, որ այդ կործանիչները Թուրքիա ուղարկելը և Սիրիայի հետ սահմանին տեղակայելը այլ նպատակներ ունի։
ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը նաև հերքել է լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե ռուսաստանյան զինուժը հրթիռների պակաս ունի Սիրիայում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկություններ էին տարածվել, թե ավիառումբեր արտադրող ռուսաստանյան ձեռնարկություններից մեկն անցել է աշխատանքի շուրջօրյա ռեժիմի, ինչը պայմանավորված էր ՌԴ ՊՆ ավիացիայի կողմից Սիրիայում իրականացվող ինտենսիվ գործողություններով։