Կառավարության որոշմամբ ՊՆ-ին կհանձնվի անշարժ գույք

Այսօրվա՝ նոյեմբերի 5-ի հերթական նիստում ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված զինվորական ավանների անշարժ գույքը հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պաշտպանության նախարարությունը դիմել է պետական գույքի կառավարման վարչություն զինվորական ավանների անշարժ գույքը ՊՆ-ին հանձնելու խնդրանքով՝ հիմք ընդունելով Հայատանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանների տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և այլ անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 8-րդ և 9-րդ նիստերում ընդունված որոշումները:

Այսպիսով, կառավարության որոշման հավելվածի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն է հանձնվելու ընդհանուր առմամբ մոտ 45 հազար քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք Երևանում (Զ. Քանաքեռցու 54, Զ. Սարկավագի փ. 50, Շիրակի փ. 24, Շիրակի փ. 39, Այվազովսկու փ. 13 հասցեներում և Նուբարաշենում) և Շիրակի մարզում (գյուղ Քեթի): Տրամադրվող անշարժ գույքի մեջ մտնում են տվյալ հասցեներում գտնվող զինավանների շենքերը, պահեստները, հանրակացարանները և այլն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *