ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Թալիշ գյուղի արևելյան ուղղությունը

Նոյեմբերի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Թալիշ գյուղի արևելյան ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակոցներ չեն արձանագրվել:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) ու Խրիստո Խրիստովը (Բուլղարիա), ինչպես նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը (Շվեդիա):

Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտգործնախարարության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները:

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա) և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Նշենք, որ դիտարկման նախօրեին՝ նոյեմբերի 4-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունել էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը:

Ավելացնենք, որ հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ նախորդ դիտարկումն անցկացվել է նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 27-ին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Դիտարկման ավարտին, սակայն, ադրբեջանական կողմը կրակել է հրազենով, ինչի հետևանքով համանախագահները ստիպված են եղել որոշ ժամանակով թաքնվել:

Դիտարկման ընթացքում հայկական կողմում ՊԲ ներկայացուցիչները համանախագահներին ներկայացրել են նաև Արցախի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակած ականների և նռնակների մնացորդները (բեկորները):

Ռազմինֆոյի հավաքած ինտերակտիվ ժամանակագրության մեջ ներկայացված են Հայաստան-Ադրբեջան սահմանում ԵԱՀԿ դիտորդների բոլոր դիտարկումները՝ սկսած 2014-ի դեկտեմբերից:

One response to “ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Թալիշ գյուղի արևելյան ուղղությունը

  1. Pingback: ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկել են Արցախի Ասկերանի ուղղությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *