Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Պաշտպանության բանակի սպաների համար Ստեփանակերտում կառուցվող նոր բնակելի թաղամաս և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի կայքը:
Արցախի ղեկավարն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի զինծառայողների սոցիալական և կենցաղային հիմնախնդիրների լուծումը եղել է և կմնա պետության առաջնային խնդիրներից մեկը՝ հավելելով, որ այս ուղղությամբ ծրագրերի իրականացումը կլինի շարունակական:
Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել թաղամասի կառուցման վերջնական փուլում շինարարության բարձր որակի և տեմպերի պահպանման ուղղությամբ:
Արցախի ղեկավարին ուղեկցել են Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ավելի ուշ Արցախի Հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ նոր կառուցվող թաղամասում ընդհանուր առմամբ լինելու է երկու և երեք սենյականոց 171 բնակարան:
Նշենք, որ սեպտեմբերին էլ հայտնի էր դարձել Արցախի Մարտունիում ևս մեկ բնակելի թաղամասի կառուցման մասին, որտեղ բնակարանների մի մասը տրվելու էր Պաշտպանության բանակի զինծառայողների ընտանիքներին: Բնակելի թաղամասի շինաշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ:
Բացի այդ, այս տարվա սկզբից բնակարաններ են տրամադրվել նաև ՀՀ ՊՆ ՀՕՊ զորամասերից մեկի և 5-րդ ԲԿ զորամասերից մեկի զինծառայողներին, ինչպես նաև Ագարակում ծառայող ՀՀ ԶՈւ զինծառայողներին: Ընդհանուր առմամբ՝ 2015թ. ամբողջ ընթացքում ՀՀ ՊՆ-ն նախատեսում է զինծառայողների տրամադրել 130 բնակարան:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Արցախի Նոր Ճարտար թաղամասում ՊԲ սպաների համար կառուցվում է 2 բազմաբնակարան շենք | Ռազմ.info