Սիրիայում ՌԴ օդուժի Սու-30ՍՄ կործանիչներն սկսել են օգտագործվել նաև ռմբակոծության համար (վիդեո)

Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայված ՌԴ ռազմատիեզերական ուժերի Սու-30ՍՄ կործանիչները, որոնք մինչ այդ իրականացնում էին հիմնականում Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչների օդային աջակցությունը, այժմ նկատվել են նաև համալրված ՕՖԱԲ-250 ռումբերով, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ օդուժի հրամանատարությունը նախատեսում է կործանիչները, անհրաժեշտության դեպքում, կիրառել նաև զինյալների դիրքերի ռմբակոծման համար։

Սու-30ՍՄ կործանիչը համալրված ՕՖԱԲ-250 ավիառումբով. «Հմեյմիմ» ավիաբազա

Սու-30ՍՄ կործանիչը համալրված ՕՖԱԲ-250 ավիառումբով. «Հմեյմիմ» ավիաբազա

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանյան RT Ruptly լրատվական գործակալության յութուբյան ալիքում հրապարակվել է վիդեոռեպորտաժ «Հմեյմիմ» ավիաբազայից, որտեղ, ի թիվս ավիախմբի մյուս ինքնաթիռների, երևում է նաև Սու-30ՍՄ կործանիչի մարտական թռիչքը՝ համալրված ՕՖԱԲ-250  (ОФАБ-250, осколочно-фугасная авиационная бомба, масса: 250 кг) ռումբերով։

Նշենք, որ ՌԴ ՊՆ հաղորդագրություններում զետեղված տեղեկություններից մինչ այս հասկանալի էր, որ Սու-30ՍՄ կործանիչներն օգտագործվում են հիմնականում ավիաբազայի օդային տարածքին հակառակորդ կողմի թռչող սարքերի հնարավոր մոտեցումը կանխելու, ինչպես նաև զինյալների դիրքերը ռմբակոծող Սու-24Մ և Սու-34 ռմբակոծիչների օդային աջակցման համար։

Այժմ, սակայն, դատելով նրանից, որ Սու-30ՍՄ կործանիչներին «օդ-օդ» դասի հրթիռներից բացի ամրակցվում են նաև ՕՖԱԲ-250 ռումբեր, կարելի է ենթադրել, որ «պարեկներին» հնարավորության դեպքում օգտագործում են նաև ցամաքային թիրախների խոցման համար։

Հիշեցնենք, որ համացանցում հրապարակված արբանյակային լուսանկարների համաձայն, հոկտեմբերի 18-ի դրությամբ Սիրիայում ռուսաստանյան «Հմեյմիմ» ավիաբազայում առկա է 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչ։ Նույն աղբյուրի համաձայն, ավիաբազայում առկա են նաև 12-ական միավոր Սու-24Մ ճակատային ռմբակոծիչ և Սու-25 գրոհիչ, 4 միավոր Սու-34 ռմբակոծիչ, ռադիոէլեկտրոնային համալիր հետախուզության Իլ-20Մ ինքնաթիռ, ինչպես նաև բեռնատար Մի-8 և հարվածային Մի-24 ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *