Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել գարնանային զորակոչի ընթացքում բարեխիղճ աշխատանք ցուցաբերած զինկոմիսարներին և խիստ ցուցումներ տվել այն զինկոմիսարներին, որոնց աշխատանքներում եղել են թերացումներ ու բացթողումներ:
Ներկա պաշտոնյաների հաշվետության համաձայն՝ զորակոչային փաստաթղթերը ստուգելու ժամանակ եղել են դեպքեր, երբ քաղաքացիական բուժհիմնարկների և կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտության տվյալները չեն համապատասխանել: Ըստ այդմ` հանրապետական հավաքակայանից զինակոչիկները ուղարկվել են լրացուցիչ հետազոտության, իսկ մեղավորներն ու գործի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք դրսևորողներն էլ պատժվել են:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ամփոփելով արդյունքերը, անդրադարձել է գարնանային զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների ու հանցագործությունների, ինչպես նաև հարուցված քրեական գործերի վերլուծությանը: Զինդատախազը առանձնահատուկ ընդգծել է բուժհանձնաժողովների թերացումներն ու խախտումները:
Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով: Շնորհակալություն հայտնելով ներկաներին համատեղ աշխատանքի համար` նախարարը համոզմունք է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական աշնանային զորակոչի աշխատանքները կիրականացվեն առավել արդյունավետ ու բարձր մակարդակով:
Նախարարը զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար տվել է համապատասխան ցուցումներ:
Գարնանային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:
Սկզբնաղբյուր՝ mil.am