Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Ղազախստանում կայացել է այդ երկրի պաշտպանության նախարարի ու վերջինիս ադրբեջանցի գործընկեր, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Թասմագամբեթովը հայտարարել է, որ իրենք կարևորում են ադրբեջանական և ղազախական նավատորմների գործնական կապերի ամրապնդումը, ինչը կնպաստի Կասպյան ավազանի անվտանգության և հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է, որ իրենք կողմ են Ղազախստանի հետ համատեղ ռազմածովային զորավարժությունների անցկացնելուն, հատկապես որ իրենք համատեղ վարժանքների փորձ ունեն, և հավելել, որ նման զորավարժությունները կնպաստեն երկու երկրների ԶՈւ մերձեցմանն ու փորձի փոխանակմանը։
Նշենք, որ նախկինում երկու երկրները Կասպից ծովում համատեղ զորավարժություն չեն անցկացրել: Դեռևս 2014-ի դեկտեմբերին հայտնի էր դարձել, իսկ ընթացիկ տարվա օգոստոսին էլ հաստատվեց, որ մինչև 2015-ի տարեվերջ երկու երկրները Ռուսաստանի հետ համատեղ զորավարժության են մասնակցելու Կասպից ծովում:
Թասմագամբեթովը, օգտվելով առիթից, Հասանովին հրավիրել է մասնակցելու 2016-ին Աստանայում կայանալիք КАДЭКС-2016 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Ղազախստանի ՊՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ նախորդ տարիներին անցկացված КАДЭКС ցուցահանդեսներին Ադրբեջանը մասնակցել է որպես դիտորդ:
Կողմերը հանդիպման ժամանակ նաև քննարկել են ռազմական կրթության ու անձնակազմերի ուսուցման գործընթացի վերաբերյալ հարցեր։
Հանդիպման արդյունքում նախարարները հաստատել են 2016-ին երկու երկրների ՊՆ-ների համագործակցության պլանը, որի մեջ մտնում է նմաև փորձի փոխանակումը, համատեղ զորավարժությունների ու վարժանքների անցակցումն ու դրանք պարբերական դարձնելու գործընթաց սկսելը։
Հիշեցնենք, որ Հասանովի այցը Ղազախստան սկսվել է երեկ՝ նոյեմբերի 3-ին, և շարունակվելու է մինչև նոյեմբերի 5-ը։
Pingback: Զաքիր Հասանովը ելել է Ղազախստանի ԶՈւ ռազմական բարձրագույն ուսումնական հաստատությունում | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info