Ադրբեջանի ԱԱ նախարարի պաշտոնակատարը նշանակվել է գերիների հարցերով հանձնաժողովի նախագահ

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, ներկայում՝ նախարարի պաշտոնակատար Մադաթ Գուլիևը երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է այդ գերատեսչության՝ Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԱԱՆ մամուլի ծառայությանը։

Հատկանշական է, որ մինչև կադրային փոփոխությունները հանձնաժողովը ղեկավարում էր ԱԱՆ նախկին ղեկավար Էլդար Մահմուդովը։ Զարգացումների այսպիսի ընթացքը թույլ է տալիս ենթադրել, որ Գուլիևը շուտով կստանձնի նաև երկրի ԱԱՆ ղեկավարի պաշտոնը։

Ադրբեջանի ԱԱ նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիև

Ադրբեջանի ԱԱ նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիև

Նշենք, որ Ադրբեջանի՝ Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը բացի իր բուն գործառույթներից իրականացնում է նաև հակահայկական քարոզչություն։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 17-ի հրամանագրով երկրի ազգային անվտանգության նախարար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովի հեռացումից հետո հոկտեմբերի 20-ի մեկ այլ հրամանագրով՝ ազգային անվտանգության նախարարի տեղակալ և նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Մադաթ Գուլիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 22-ի հրամանով, նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի կոչում։

Հավելենք, որ այս կադրային փոփոխությունից հետո Ադրբեջանի ԱԱՆ համակարգում, կարծես թե, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։  Երկրի գլխավոր դատախազության ու պետական պահպանության հատուկ ծառայության ստուգումների արդյունքում կան ձերբակալվածներ, պաշտոններից հեռացվել են մեկ տասնյակից ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ։ Մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, ստեղծված իրավիճակը պայմանավորված է պաշտոնյաների՝ պաշտոնի չարաշահմամբ տնտեսական ապօրինի գործունեությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *