ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել չկառավարվող ռումբերը կառավարվողի վերածող սարքավորումներ

Օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտնել է իր համաձայնությունը Թուրքիային Joint Direct Attack Munitions (JDAM) սարքավորումների համակարգեր վաճառելու և նյութատեխնիկական այլ աջակցություն տրամադրելու մասին, որը ընդհանուր առմամբ արժենալու է 70 միլիոն դոլար: Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության կայքը:

JDAM սարքավորումների համակարգեր

JDAM սարքավորումների համակարգեր

Թուրքիայի կառավարությունը դիմել է ԱՄՆ-ին Joint Direct Attack Munition (JDAM) սարքավորումների համակարգեր գնելու համար, որի համաձայն՝ թուրքական կողմը ցանկանում է գնել.
• 400 միավոր GBU-31(V)1 JDAM, նախատեսված Mk84 ռումբերի համար,
• 200 միավոր GBU-31(V)3, նախատեսված BLU-109 ռումբերի համար,
• 300 միավոր GBU-38, նախատեսված Mk82 ռումբերի համար,
• 100 միավոր GBU-54 Laser JDAM, նախատեսված Mk82 ռումբերի համար,
• 200 միավոր BLU-109 ռումբերի մարտագլխիկներ
• 1000 միավոր FMU-152A/B տեսակի «պայթուցիչներ»:

Joint Direct Attack Munitions (JDAM) սարքավորումների համակարգ է, որը տեղադրելով չկառավարվող ռումբերի (անգլ. “dumb bombs”) վրա՝ դրանք վերածում են կառավարվող (ուղղորդվող) ռումբերի (անգլ. smart bomb): Դրանից հետո ուղղորդվող ռումբը աշխատում է GPS արբանյակային նավիգացիոն համակարգով: JDAM-ով արդիականացվող ռումբերը կարող են լինել 227 կգ-ից մինչև 907 կգ: Սարքավորումը ստեղծվել է ԱՄՆ-ում, առաջին խումբը արտադրել է Boeing ընկերությունը 1997 թ.:

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբերը:

F-16 կործանիչի արձակած կառավարելի ռումբեր

Ամերիկյան պետական գործակալությունն իր որոշման հիմնավորման համար նշում է, որ այդ վաճառքի շնորհիվ Թուրքիան կբարձրացնի իր ռազմօդային ուժերի պաշտպանվածության մակարդակը, ինչը բխում է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի անմիջական շահերից:

ԱՄՆ-ի կողմից պայմանագրի ստորագրող հիմնական կողմը հավանաբար կլինի Raytheon ռազմարդյունաբերական ընկերությունը:

Պետք է նշել, սակայն որ պետդեպարտամենտի որոշումը դեռ բավարար չէ, որպեսզի հնարավոր գործարքը կայանա, քանի որ զենքի վաճառքի համար ԱՄՆ-ում վերջնական թույլտվություն տալիս է ԱՄՆ Կոնգրեսը, որն էլ կարող է չեղարկել գործարքը: Բացի այդ էլ, փաստ չէ, որ գործարքը կկնքվի, քանի որ վերջնական բանակցությունների ժամանակ կողմերը կարող են այդպես էլ պայմանավորվածության չգալ:

One response to “ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել չկառավարվող ռումբերը կառավարվողի վերածող սարքավորումներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *