2015-ի հոկտեմբերի 1-31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 և վիրավորման 4 դեպքի մասին։ Համեմատության համար՝ նախորդ տարվա հոկտեմբերին հայկական զինված ուժերում 1 կորստի մասին էր հայտնի։
Razm.info-ն զանազանում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստներն, իրենց հերթին, պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։
Կորուստներ
Հոկտեմբեր ամսվա թե´ 2 կորուստը, թե´ հայտնի դարձած վիրավորման դեպքերը գրանցվել են ավտովթարի հետևանքով։ Հոկտեմբերին հայկական զինուժը չի հայտարարել մարտական կորստի կամ վիրավորման դեպքի մասին։
Ոչ մարտական կորուստներ
Հոկտեմբերի 14-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի ԶիԼ-131 ջրատար մեքենան զորամաս վերադառնալու ճանապարհին գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող 50-ամյա Բաբկեն Սարուխանյանը:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում գիտակցության չգալով մահացել է հոկտեմբերի 24-ին ավտովթարից տուժած պայմանագրային զինծառայող, 38-ամյա Հարություն Հակոբյանը։
Օրեր առաջ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բախվել էին Ծովակ գյուղի բնակիչ Անդրանիկ Հայրապետյանի և Ակունք գյուղի բնակիչ Հարություն Հակոբյանի ավտոմեքենաները:
Վիրավորներ
Վերոնշյալ երկու պատահարի արդյունքում վիրավորվել է 3 զինծառայող, ևս 1 զինծառայող վիրավորվել է հոկտեմբերի 2-ին։
Հոկտեմբերի 2-ին ավտովթար է եղել Տավուշի մարզի Բաղանիս-Իջևան ավտոճանապարհին։ Կողբ գյուղի բնակիչ, 1986 թվականին ծնված Կարեն Հայրապետյանն իր վարած ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը։ Ռազմինֆոյի հետ զրույցում ՊՆ տեղեկատվության վարչությունից հայտնեցին, որ տուժածը ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիվիզիոնի շտաբի պետն է։
Հոկտեմբերի 14-ին Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի ԶիԼ-131 ջրատար մեքենան զորամաս վերադառնալու ճանապարհին գլորվել է ձորը, ինչի հետևանքով վիրավորվել էր նաև 48-ամյա սպա Արտակ Անդրեասյանը։ Վերջինս ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։
Հոկտեմբերի 24-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին բախվել էին Ծովակ գյուղի Անդրանիկ Հայրապետյանի և Ակունք գյուղի բնակիչ Հարություն Հակոբյանի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վիրավորվել էին պայմանագրայիններ 35-ամյա Վարդան Սիմոնյանը, 37-ամյա Գագիկ Հովհաննիսյանը։
2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝
Հունվար — 12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար — 6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ — 4 զոհ և 10 վիրավոր
Մայիս — 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս — 3 զոհ և 6 վիրավոր
Հուլիս — 2 զոհ և 4 վիրավոր
Օգոստոս — 4* զոհ և 3* վիրավոր
Սեպտեմբեր — 14 զոհ և 21 վիրավոր
Հոկտեմբեր — 2 զոհ և 4 վիրավոր
Տարվա սկզբից հայտնի է դարձել 56 կորստի մասին, որից 31-ը՝ մարտական և 25-ը՝ ոչ մարտական կորուստ։
Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։
Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info