Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո

Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2015-ի հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրվել է մահվան 2 և վիրավորման 4 դեպք։ Հայտնի դարձած բոլոր մահացածներն ու վիրավորները եղել են զինված ուժերի զինծառայողներ։ Մահացածներից մեկը սպանվել է մարտական պայմաններում, իսկ մյուսը, ով ինքնակամ լքել էր ծառայության վայրը, մահացել է դեռևս անհայտ հանգամանքներում։ Վիրավոր զինծառայողներից երեքը պայթել են ականի վրա, իսկ մեկը տուժել է զինվորական մեքենայի և գնացքի բախման հետևանքով։

Ազմամմադովի հուղարկավորությունը

Ազմամմադովի հուղարկավորությունը

Սպանվածներ

Հոկտեմբերի 8-ին Ռազմինֆոն հայտնեց, որ սոցիալական ցանցերից հայտնի է դարձել՝ դրան նախորդող օրերին, ամենայն հավանականայությամբ մարտական պայմաններում, սպանվել է զինված ուժերի ժամկետային զինծառայող, 19-ամյա Ազմամմադով Ասաֆ Նազիմ օղլուն (Əzməmmədov Asəf Nazim oğlu), ում մահվան մասին ադրբեջանական պաշտոնական աղբյուրները ոչինչ չեն հայտնել։ Հայտնի էր դարձել նաև, որ Ազմամմադովին հուղարկավորել են Գոբուստանի շրջանի Նարիմանքենդ գյուղում։ Սոցցանցերից մեկում սպանված զինծառայողի նկարների տակ ցավակցական մեկնաբանությունները սկսել էին հայտնվել հոկտեմբերի 5-ից, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հավանաբար հենց այդ օրերին է գրանցվել միջադեպը։

Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ դեռևս հոկտեմբերի 6-ին զինված ուժերի զինծառայող, շարքային Ալիև Մուրադ Ալիզադե օղլուն (Əliyev Murad Əlizadə oğlu) ինքնակամ լքել է ծառայության վայրը։ Ձեռնարկված որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին հայտնաբերվել է շարքային Ալիևի դին։ Նշվում էր նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունն իրականացնում է հետաքննություն։

Ուշագրավ է նաև, որ սպանվածի հայրը ընդդիմադիր լրատվամիջոցնրին հայտնել էր՝ որդու դին հարազատներին հանձնելիս ասել են, թե նա ծառայության վայրը լքել էր զինված և պատրաստվում էր սպանել սեփական հորը, իսկ նրա դին, արդյունքում, գտել են միջդիրքային գոտում։ Հարազատները, սակայն նշում են, որ ռազմական ոստիկանության ներկայացուցիչենրն  իրենց տուն են այցելել դեռևս հոկտեմբերի 4-ին ու հայտնել, որ Մուրադը ծառայության վայրը լքել է անզեն։

Միջադեպի հետ կապված նշենք նաև, որ Ալիև Մուրադի մահվան մասին հաղորդագրությունը Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքից ավելի ուշ հեռացվել է, սակայն Ռազմինֆոյի տվյալների բազայում այն պահպանվել է։

Մահացած զինծառայող Մուրադ Ալիևը

Մահացած զինծառայող Մուրադ Ալիևը

Վիրավորներ

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ ՀՀ Տավուշի մարզին սահմանակից Ադրբեջանի Թովուզի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է ադրբեջանական զինուժի 3 զինծառայող: Վիրավորներին ցույց են տվել առաջին բուժօգնություն և տեղափոխել մոտակա զինվորական բուժհաստատություն։ Հաղորդագրությունում նշվում էր, թե զինծառայողները վիրավորվել են «պատերազմի ժամանակվանից մնացած» ականի վրա պայթելու հետևանքով։ Վիրավորվածների անունները, սակայն, հաղորդագրությունում չէին նշվել։

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնեց, որ զինված ուժերի «ՄԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան երկաթուղին հատելու ժամանակ բախվել է գնացքին, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ԶՈւ զինծառայող, զինվորական մեքենայի վարորդ Մուխթարլը Մեհեմմեդ Ահմեդ օղլուն (Muxtarlı Məhəmməd Əhməd oğlu)։ Վիրավոր զինծառայողին տեղափոխել են զինվորական բուժհաստատություն։

2015-ի հունվար-հոկտեմբեր ամիսների նախնական ամփոփում

Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոն արձանագրել է Ադրբեջանի բանակում և անվտանգության համակարգի այլ կառույցներում գրանցված մահվան ելքով 77 դեպք, որոնց ժամանակ մահացածների անձնական տվյալները հայտնի են։ Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես խոստովանել է 77 մահացածներից միայն 35-ի մահը։ Մյուս պատահարների մասին տեղեկությունները հայտնի են դարձել հիմնականում սոցիալական ցանցերից և ադրբեջանական այլ բաց աղբյուրներից։

Նշված ժամանակահատվածում գրանցված 77 կորստից 38-ը գրանցվել են մարտական պայմաններում։ Այս թիվը ներառում է նաև Պաշտպանության բանակի հրապարակած տվյալները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին 29-ին Պաշտպանության բանակը հայտնել էր դրա նախօրեին Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցված մարտական ևս 6 կորստի մասին՝ հրապարակելով նաև նրանց անուններն ու զորակոչման ամսաթվերը։ Հրապարակված այդ տվյալները հակված ենք համարել ստույգ՝ հատկապես, լրացուցիչ որոշ աղբյուրների հետազոտությունից հետո։

Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։

2 responses to “Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի հոկտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. 1–7 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *