Հոկտեմբերի 31-ին Ինգուշեթիայում ուժայինները փորձել են Նազրանիի կենտրոնական շուկայի մոտ բռնել զինյալների, փոխհրաձգության ժամանակ 2 զինյալ սպանվել է, վիրավորվել է ավելի վաղ սպանված զինյալներից մեկի այրին, ով նույնպես զինված խմբավորման անդամ է: Այս մասին նոյեմբերի 1-ին հայտնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը:
Ինչպես տեղեկացրել է ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը, հատուկ գործողության ժամանակ սպանվել են Սունժենսկի շրջանի զինյալների ղեկավար Բեսլան Մախաուրին և «նազրանովսկի» զինված խմբավորման ղեկավար Իլյաս Վեձիջևը: Հայտնի է, որ Բեսլան Մախաուրին Հյուսիսային Կովկասում գործող ընդհատակյա զինված խմբավորման ղեկավար Դոկա Ումարովի վստահված անձն է եղել: Ումարովին 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց միջազգային ահաբեկիչների թվում: Իսկ 2011-ին ՄԱԿ-ը հայտարարեց, որ նա կապված է Ալ-Քաիդայի հետ:
ՌԴ ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի տվյալների համաձայն, սպանված զինյալների կապը պահել է 1984 թվականին ծնված Լեյլա Չեմուրզիևան, ով ընդհատակյա գործող «Տաչիևա» զինված խմբավորման անդամ է:
Միջադեպի վայրից հայտնաբերվել է զինյալների մեքենան, որում պայթյունի պատրաստ ինքնաշեն պայթուցիկ, ատրճանակ և նռնակներ են եղել: Վիրավորված կինը տեղափոխվել է հիվանդանոց,ուժայինների հսկողության տակ է:
Ինչպես հաղորդում է հակաահաբեկչական հանձնաժողովը, հատուկ գործողության ժամանակ ուժայինների թվում տուժածներ չեն եղել:
Տեղեկացնենք, որ Հյուսիսային Կովկասը, այդ թվում նաև՝ Ինգուշեթիան, ահաբեկչական, ինչպես նաև զինված ընդհարումների կենտրոն է դարձել, որի դեմ փորձում են պայքարել Ռուսաստանի իշխանությունները։ Հոկտեմբերի 12-ին նույնպես հակաահաբեկչական գործողության ժամանակ սպանվել էր 3 զինյալ, ևս 4-ը ձերբակալվել էին: