ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՀՀ ԶՈւ ձմեռային զորակոչը և զորացրումը կանցկացվեն նոյեմբեր-հունվար ամիսներին • 2014-ին Հայաստանը դիպուկահար հրացաններ է գնել Ռումինիայից • 1-ին ԲԿ զորամասը տանկերով և հրետանիով զորավարժություն է անցկացրել • ՊԲ հրետանայի զորավարժության ժամանակ կիրառվել են ԱԹՍ-ներ • ՀՀ ԶՈւ խաղաղապահները կվերապատրաստվեն Գերմանիայում՝ Աֆղանստան մեկնելու համար • ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախում դիտարկել են շփման գիծը, ինչի ժամանակ ադրբեջանցիները կրակել են • ՀՀ ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման հիման վրա ՀՀ ԶՈւ զարգացման ուղղությունները • Ամփոփվել է ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի գործունեությունը • ՀՀ ԶՈւ ԳՇ պետը մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների համաժողովին • Նախարար Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գրասենյակի ղեկավարին • «Էրեբունու» ավիաբազայի ուղղաթիռների օդաչուները վերապատրաստվում են Հս․ Կովկասում • Գյումրու 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան նոր ԱԹՍ-ներ է ստացել • Ստուգումներ են անցկացվելու ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում • Ռազմինֆոն հեղինակային հարցազրույցների նոր շարք է սկսել, որում ներկայացնելու է Արցախյան պատերազմի անհայտ հերոսներին
• Հոկտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է ՀՀ զինված ուժերի զորացրում և զորակոչ իրականացնելու վերաբերյալ հրամանագիրը։ Հոկտեմբերի 29-ին էլ ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով համակարգվելու են զորակոչի անցկացման խնդիրները: Ձմեռային զորակոչն ու զորացրումն անցկացվելու են 2015-ի նոյեմբերից 2016-ի հունվար ամիսներին։
• ՄԱԿ սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2014-ին տարբեր երկրների արտահանած սպառազինության հայտարարագրերը, որոնց համաձայն՝ 2014-ին Հայաստանը Ռումինիայից գնել է 130 հատ 7,62 մմ տրամաչափի դիպուկահար հրացան, ինչպես նաև իտալական արտադրության 55 հատ ատրճանակ։
• Նախորդ շաբաթ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի զորամասերից մեկի անձնակազմն անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն, որին ներգրավված են եղել տանկային և հրետանային ստորաբաժանումներ։
• Պաշտպանության բանակի՝ հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրետանային մի շարք ստորաբաժանումներ նախորդ շաբաթ անցկացրել են ցուցադրական մարտավարական զորավարժություն, որի ընթացքում կիրառել են նաև անօդաչու թռչող սարքեր:
• Նախորդ շաբաթ հայ խաղաղապահներն ուղևորվել են Գերմանիա, որտեղ երկշաբաթյա համապատասխան դասընթացներ անցնելուց հետո կմեկնեն Աֆղանստան՝ միջազգային ուժերի շրջանակում խաղաղապահ առաքելություն իրականացնելու:
• Հոկտեմբերի 26-27-ին ԵԱՀԿ ՄԽ նախագահներն այցելել են Հայաստան, որտեղ նրանց ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի ղեկավար Բակո Սահակյանը։
Հոկտեմբերի 26-ին Երևանում անցկացված ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում։
Հոկտեմբերի 27-ին համանախագահներն Արցախում շփման գծի դիտարկում են անցկացրել, որի ավարտին ադրբեջանական կողմը սկսել է կրակել, ինչի պատճառով համանախագահները ստիպված են եղել թաքնվել։ Դիտարկման ընթացքում հայկական զինված ուժերի ներկայացուցիչները համանախագահներին են ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի՝ հայկական դիրքերի ուղղությամբ կրակած ականների բեկորները, ինչից հետո համանախագահները, հատելով շփման գիծը, անցել են Ադրբեջան։
• Հոկտեմբերի 30-ին ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈւ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը:
• Հոկտեմբերի 28-ին ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի՝ վերջին երեք տարիների գործունեության արդյունքները:
• Հոկտեմբերի 27-ից 28-ը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է Եվրոպական բանակների հրամանատարների 23-րդ ամենամյա միջազգային համաժողովին:
• Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանում ԵՄ գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն:
• Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ուղղաթիռների օդաչուները վերապատրաստման դասընթացներ են անցնում Հյուսիսային Կովկասում՝ Կաբարդիո-Բալկարիայի լեռներում։
• ՌԴ-ի հարավային ռազմական շրջանի՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան ստացել է ռուսաստանյան արտադրության «Օրլան-10» հետախուզական անօդաչու թռչող սարքեր։
• ՌԴ ՊՆ համակարգային հանձնաժողովը ստուգումներ է սկսել Հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ռազմաբազաներում։

Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ, մայոր Վիգեն Ավետիսյանը ցույց է տալիս Տողի ազատագրման պլանը
• Ռազմինֆոն սկսել է «Դուք նրանց մասին չգիտեք» նոր հեղինակային շարք, որի ընթացքում կներկայացնի Արցախյան պատերազմի անհայտ հերոսներին։ Առաջին երկու հարցազրույցների ընթացքում Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, ազատամարտիկ, մայոր Վիգեն Ավետիսյանը և Կարինե Գրիգորյանը, ում տունը ազատամարտի տարիներին շտաբ է եղել ազատամարտիկների համար, ներկայացրել են 24 տարի առաջ անցկացված Տողի ազատագրման գործողությունը և իրենց հիշողությունները։
Ռազմաշաբաթը նաև՝