Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մտադիր է փոքր, մինչև 60-հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում տեղակայել Սիրիայում՝ թիկունքային խնդիրներ կատարելու նպատակով: Այս մասին բրիտանական Reuters գործակալությանը հայտնել է ԱՄՆ Կոնգրեսի անանուն աղբյուրը:
Աղբյուրը հայտնել է, որ Սիրիա ուղարկվող զինծառայողների քանակը ենթադրաբար 20-30 հոգի է լինելու, նրանք անմիջապես մարտի դաշտում գործողությունների չեն մասնակցելու: Ամերիկյան ստորաբաժանման խնդիրներն են լինելու զինյալներին խորհրդատվություն տալը, նրանց գործողությունները համակարգելը, ինչպես նաև հետևելը, որ ԱՄՆ ուղարկած սպառազինությունը հասնի հենց այն զինյալներին, որոնց օժանդակում է ամերիկյան կողմը:
Հետաքրքրական է, որ Սիրիայի ուղարկվող ստորաբաժանման խնդիրների մեջ ներառվել է նաև հետևելը, որ ուղարկվող սպառազինությունը հասնի ԱՄՆ դաշնակից զինյալ խմբավորումներին: Խնդիրն այն է, որ վերջերս ԱՄՆ-ի՝ ինքնաթիռներից նետած սպառազինության մի մասը հասել էր Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող քրդական PYD խմբավորմանը, ինչն առաջացրել էր Թուրքիայի դժգոհությունը: Պատճառն այն է, որ Թուրքիան PYD-ն համարում է PKK-ի մի մասը, ահաբեկչական խմբավորում, և արդեն երկու անգամ հենց Սիրիայի տարածքում հարվածներ է հասցրել այս խմբավորմանը:
Հատուկ նշանակության ստորաբաժանման տեղակայումը կլինի առաջին անգամը, երբ Միացյալ Նահանգները ցամաքային զինված ստորաբաժանում է ուղարկում Սիրիա՝ ոչ թե այնտեղ կոնկրետ գործողություն անելու, այլ հենց տեղակայվելու համար: Մինչ այս միայն մեկ անգամ է հայտնի դարձել ամերիկյան զինծառայողների Սիրիայում ԻՊ դեմ կատարած ցամաքային գործողության մասին՝ այն ժամանակ, երբ 2015-ի մայիսին ամերիկացի հատուկջոկատայինները Սիրիայում ոչնչացրել են ԻՊ պարագլուխներից մեկին:
Մինչ այս ԱՄՆ-ն Սիրիայում ԻՊ դեմ պայքարում օգտագործում էր միայն մարտական ավիացիան՝ ավիահարվածներ հասցնելու համար: Ավիահարվածները Միացյալ նահանգները սկսել է դեռևս 2014-ի օգոստոսին՝ «Իսլամական պետություն» (այն ժամանակ՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում և Իրաքում պայքարելու համար: Շուտով ԱՄՆ ավիահարվածներին միացել են նաև Նահանգների դաշնակից նատօյական և արաբական երկրները:
Pingback: ԱՄՆ-ն ԻՊ դեմ պայքարելու պատրվակով F-15C կործանիչներ է ուղարկելու Թուրքիա | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ նախագահը բացառել է ԱՄՆ ցամաքային ուժերի մասնակցությունը ԻՊ դեմ պայքարում | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ հատուկ նշանակության փոքրաթիվ ստորաբաժանումը «շատ շուտով» կլինի Սիրիայում | Ռազմ.info