Չեչեն զորակոչիկներն այս տարի կծառայեն նաև Ղրիմում և Սևաստոպոլում

2015 թվականի աշնանային զորակոչի ժամանակ Ռուսաստանի բանակը դարձյալ կհամալրվի 500 չեչենով։ Սա արդեն 2-րդ տարին է, ինչ ռուսաստանյան զինված ուժերը 2 տասնամյակ ընդմիջումից հետո համալրում են Չեչնիայի երիտասարդները։ Ինչպես տեղեկացնում է «Կովկասյան հանգույց» լրատվակայքը, հղում անելով Չեչնիայի զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին, թվաքանակի մասին հանձնարարականը զինկոմիսարիատը ստանում է Հարավային ռազմական շրջանի շտաբից։

ՌԴ ԶՈւ զինծառայողներ

ՌԴ ԶՈւ զինծառայողներ։
Նկարը՝ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալության

Վերջինս հայտնել է նաև, որ զորակոչիկները ծառայելու են հիմնականում պաշտպանության նախարարության զորամասերում, մոտ 100 հոգի էլ կծառայի ՌԴ ներիքն գործերի նախարարության ներքին զորքերում։ Աշնանային զորակոչն էլ Չեչնիայում շարունակվելու է մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը։

Զրուցակիցը ներկայացրել է նաև ծառայության վայրերի աշխարհագրությունը, նշելով, որ հիմնականում զորակոչիկները մեկնելու են Ռոստովի և Վոլգոգրադի մարզ, Ստավրոպոլի և Կրասնոդարի երկրամաս, ինչպես նաև Ղրիմ, Սևաստոպոլ և Նովոռոսիսկ։

Տեղեկացնենք, որ մինչև 2014 թվականը Չեչնիայից վերջին ամբողջական զորակոչն իրականացվել էր 1990-ական թվականներին. այնտեղ ռազմական գործողությունների սկսելուց հետո որոշում ընդունվեց այն ամբողջապես դադարեցնել։ Մինչև 2014 թվականը չեչենները ծառայություն էին անցնում ՌԴ ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում։

2014-ի օգոստոսին Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը դժգոհել էր, որ Չեչնիայից ՌԴ զինված ուժեր զորակոչ չի իրականացվում։

«Չեչենները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են և ոչ ոք իրավունք չունի նրանց զրկել հայրենիքը պաշտպանելու իրավունքից», — ասել էր Կադիրովը։ Քննարկելով հարցը՝ նույն թվականի սեպտեմբերի 19-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշում ընդունեց, որ այսուհետ բանակ կզորակոչվեն նաև Չեչնիայից։

Հավելենք, որ ՌԴ-ն իր բանակը համալրում է խառը սկզբունքով, այսինքն՝ ինչպես պարտադիր զորակոչով, այնպես էլ պայմանագրային հիմունքներով։ Պարտադիր զինվորական ծառայությունը 1 տարի է, զորակոչվում են 18-27 տարեկան երիտասարդները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *