Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՌԴ ՊՆ-ն Սևծովյան նավատորմում սկսել է անսպասելի ստուգումներ, որոնց շրջանակներում ռազմական ինքնաթիռները չկառավարվող հրթիռներով ևռումբերով հարվածել ափամերձ թիրախներին։Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սև ծովի նավատորմի տեղեկատվության ապահովման բաժնի ղեկավարի պաշտոնակատար, 2-րդ կարգի կապիտան (համապատասխանում է փոխգնդապետին) Նիկոլայ Ոսկրեսենսկուն։
«Այսօր առավոտյան Սու-24ՄՌ հետախուզական ինքնաթիռները ծովի ջրային տարածքում օդային հետախուզում են իրականացրել, իսկ «Օպուկ» ավիազորավարժարանի շրջանի ծովափնյա հատվածում տեղակայված թիրախները խոցեցին Սու-30ՍՄ բազմանպատակային կործանիչները և Սու-24Մ ռմբակոծիչները»,-նշվել է Ոսկրեսենսկին։
Նշվում է նաև, որ այս ստուգման ժամանակ Բե-12 (Бериев Бе-12 Чайка) հականավային ամֆիբիա ինքնաթիռներով և Կա-27 հականավային ուղղաթիռներով իրականացվել է պայմանական հակառակորդի սուզանավերը գտնելու առաջադրանք, որի ժամանակ կիրառվել են հիդրոլոկացիոն կայաններ (ջրի մեջ սուզված կամ կիսասուզված օբյեկտների, այդ թվում՝ սուզանավերի, նավերի հայտնաբերման և կոորդինատների որոշման ու ծովի խորությունը չափող նավավարական և հետազոտական հիդրոակուստիկ սարք)։
Մարտական առաջադրանքներին մասնակցել է 15 ինքնաթիռ ու ուղղաթիռ։
Հիշեցնենք, որ ներկայում ՌԴ ռազմածովային ուժերը Սևաստոպոլում (Սևծովյան նավատորմի շտաբը տեղակայված է այստեղ) տեղակայված ավիաբազայում ունեն նաև ուղղաթիռային մեկ գունդ՝ Կա-27, Մի-14 և Մի-8 ուղղաթիռներով, և առանձին ավիագունդ՝ համալրված Սու-24 ռմբակոծիչներով, Ան-2, Ան-12, Ան-26 բեռնատար ու Բե-12 հականավային ամֆիբիա ինքնաթիռներով։ Իսկ հուլիսի 22-ին հայտնի էր դարձել, որ մոտ ժամանակներս այն համալրվելու է նաև Տու-22Մ3 ռազմավարական ռմբակոծիչների էսկադրիլիայով։