Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Մադաթ Գուլիևի հրամանով պաշտոնից ազատվել է ԱԱՆ-ի՝ ռազմական հակահետախուզության ղեկավար, գեներալ-մայոր Նիզամի Շիրինովը։Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az լրատվակայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշենք, որ Շիրինովը ԱԱՆ-ում ծառայել է դեռևս վաղ ինսունականներից։ 1998-ին նրան հեռացրել են համակարգից՝ կաշառակերության մեղադրանքով։ Այնուհետ Շիրինովը ծառայել է Ադրբեջանի նախագահին կից Հատուկ վարչությունում։ Իսկ 2004-ին Ադրբեջանի ԱԱՆ արդեն նախկին նախարար Էլդար Մահմուդովի նշանակումից հետո վերականգնվել է համակարգում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԱՆ համակարգը հոկտեմբերի 17-ից ճգնաժամի մեջ է։ Այդ օրը երկրի նախագահի հրամանով պաշտոնից ազատվեց գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլդար Մահմուդովը, ինչին հաջորդեցին գլխավոր դատախազության ու պետական պահպանության հատուկ ծառայությանը ստուգումները, որոնք, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, պայմանավորված են հանցավոր-տնտեսական գործոնով։
Մասնավորապես նշվում է, որ ԱԱՆ մոնիթորինգային կենտրոնը նախկին նախարար Մահմուդովի իմացությամբ և գուցե հանձնարարությամբ գաղտնալսել է միջին և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հեռախոսազանգերը և այդ կերպ «կոմպրոմատներ» հավաքելով, շանտաժի ենթարկել նրանց՝ կորզելով մեծ գումարներ:
Ադրբեջանի նախագահի` հոկտեմբերի 20-ի հրամանով, ազգային անվտանգության նախարարի տեղակալ և նախարարի ժամանկավոր պաշտոնակատար է նշանակվել Մադաթ Գուլիևը, ով մինչ այդ զբաղեցնում էր արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի պաշտոնը։ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 22-ի հրամանով, նրան շնորհվել է նաև գեներալ-լեյտենանտի կոչում, ինչն ամենայն հավանականությամբ նշանակում է, որ Ալիևը հենց նրան է պատրաստվում վստահել ազգային անվտանգության նախարարի պաշտոնը։
Հիմնական նշանակումը, հավանաբար, կլինի նոյեմբերի 1-ից հետո, երբ Ադրբեջանում անցկացվեն խորհրդարանական ընտրությունները։
Հավելենք նաև, որ հոկտեմբերի 22-ին հրապարակվել են անվտանգության նախարարության՝ այդ երկրի գլխավոր դատախազության և պետական պահպանության հատուկ ծառայության իրականացրած համատեղ գործողության արդյունքում ձերբակալված 7 աշխատակիցների անունները։
Լրացում.
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ադրբեջանական Lent.az լրատվակայքը հաղորդում է, որ Ադրբեջանի ԱԱՆ-ի՝ ռազմական հակահետախուզության ղեկավարի պաշտոնում նշանակվել է գեներալ-մայոր Հաֆիզ Մուսաևը, ով մինչ այս զբաղեցնում էր վարչության պետի տեղակալի պաշտոնը։
Pingback: Ռազմաշաբաթ․ Ադրբեջան․ 25–31 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info