Հոկտեմբերի 28-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է նախարար Թինա Խիդաշելիի մամուլի ասուլիսը, որտեղ վերջինս խոսել է բանակի սնման մասին՝ նշելով, որ ՊՆ-ն հատուկ տենդեր է հայտարարել տեղական միս գնելու համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս տարի մսի ձեռքբերման համար ծախսվել է 6 մլն լարի (2.526.405 $), որով գնվել է արտասահմանյան արտադրանք՝ հիմնականում Հնդկաստանի։ 2014 թվականի տվյալներով մենք ձեռք ենք բերել 460 տոննա միս (հավի, խոզի և տավարի)։ Այժմ տենդերը հայտարարվել է միայն Արևելյան Վրաստանի համար, բայց հաջորդ տարվա հունվարից այն կգործի ամբողջ Վրաստանի համար»,—հայտնել է Թինա Խիդաշելին։
Վրաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ տենդերին կարող են մասնակցել միայն տեղական արտադրողները, ոչ թե վրաստանյան այն արտադրողները, որոնք աշխատում են արտասահմանյան մթերքի ներկրմամբ։
Այս տարվա հուլիսին, երբ Խիդաշելին հայտարարել էր, որ Վրաստանի բանակում գլխավոր խնդիրը սնունդն է, բայց այդ հարցը կլուծվի 2016 թվականին և որ զինված ուժերում բոլոր ճաշարանները 2016թ. կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի չափանիշներին։
Թինա Խիդաշելին այն ժամանակ լրագրողներին հայտնել էր նաև, որ պաշտպանության նախարարությունը դիմել է Cartu (ქართუ ჯგუფი— այս հիմնադրամը Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիինն է։ Մինչև քաղաքականության մեջ հայտնի դառնալը, Իվանիշվիլին Վրաստանում հայտնի էր այս և մի քանի այլ հիմնադրամների միջոցով շռայլ բարեգործություններով։ Հիմնադրամն այժմ էլ բարեգործական գործունեություն է ծավալում—Ռազմինֆո) հիմնադրամին աջակցություն ստանալու նպատակով։ Այս հիմնադրամի հետ մինչև տարվա վերջ 3 ծրագիր կիրականացվի, իսկ հաջորդ տարում ծրագրերի թիվը կավելանա։
Հավելենք, որ 2015թ. փետրվարի 14-ից Վրաստանի զինված ուժերի զինծառայողներին սննդամթերքով ապահովում է «նոր» ընկերություն՝ «Պետական պարենավորում» ընկերությունը։ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունն այն ժամանակ հայտնել էր, որ բանակին սննդամթերք մատակարարող «Վրացական սննդամթերքի ընկերության» և Վրաստանի պաշտպանության նախարարության կնքած պայմանագրի ժամկետն ավարտվում է, այդ իսկ պատճառով նոր ընկերությունը կշարունակի զբաղվել սննդամթերքի մատակարարմամբ։ «Պետական պարենավորում» ընկերությունը «Վրացական սննդամթերքի ընկերության» վերափոխված, վերանվանված տարբերակն է։
Նշենք, որ «Վրացական սննդամթերքի ընկերության» 6 աշխատակցի 2014թ. նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել 2013թ. զինծառայողների մասսայական թունավորման դեպքի առնչությամբ։ Թունավորվել էր 858 զինծառայող, որից 90-ը հոսպիտալացվել էր ծանր վիճակով։