Երբ ինձ զենք տվեցին, այնքան էի ուրախացել, որ զենքով էի պառկում քնելու. Վիգեն Ավետիսյան

Razm.info-ն սկսում է հեղինակային նոր շարք՝ «Դուք նրանց մասին չգիտեք»։ Մեր այս պատմությունների հերոսներն Արցախյան ազատամարտի մասնակիցներ են ամբողջ Հայաստանից։ Մեր պատմությունները Ձեզ կծանոթացնեն հաղթանակի գործում իրենց դերն ունեցած մարդկանց մասին։  Մեր առաջին հերոսը Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ, մայոր Վիգեն Ավետիսյանն է։

Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ, մայոր Վիգեն Ավետիսյանը ցույց է տալիս Տողի ազատագրման պլանը

Հադրութի Առաջին պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, ազատամարտիկ, մայոր Վիգեն Ավետիսյանը ցույց է տալիս Տողի ազատագրման պլանը

24 տարի առաջ հոկտեմբերի 30-ին սկսվեց Արցախի Տող գյուղի ազատագրումը, որը բեկումնային եղավ Արցախյան պատերազմի հետագա հաղթանակների համար։

—Պարոն Ավետիսյան, գյուղում շարժումն ինչպե՞ս սկսվեց։ Դուք այդ ժամանակ որտե՞ղ էիք։

Արցախ եմ վերադարձել 1990 թվականին, բանակում էի։ Ծառայել եմ Ուկրաինայում։ Երբ եկա, գյուղում արդեն դաշնակցականների ջոկատներ կային, ինձ զենք տվեց շարժման ակտիվիստներից Վիգեն Գրիգորյանը։ Այդպես իրենց ջոկատ մտա։

—Ո՞ր ջոկատն էր։

Դե, մենք «Արմենչո» էինք ասում, Արմենչոյի ջոկատ։ Շարժման ընթացքում, մինչև իմ վերադառնալը, գյուղում արդեն խառն իրավիճակ էր՝ գյուղի ադրբեջանցիների մի մասը մոտ էր, բարեկամություն էր անում հայերի հետ, մի մասն էլ ասում էր, որ հայերն այստեղից պիտի դուրս գան։ Գյուղի մի հատվածում թուրքեր (նկատի ունի ադրբեջանցիներ—Razm.info) էին ապրում, մի հատվածում էլ՝ հայեր։ Արդեն լարված էր վիճակը, բենզին չէին վաճառում, կռիվներ էին լինում, հայերը չէին կարողանում գյուղի «Կինոն» գնալ։ Դաշնակցությունը երբ գյուղ եկավ, սկսեց դրանց դեմն առնել։ Պարզ էր, որ էլ ախպերություն, ընկերություն անելով չի լինի, սրա լուծումը պատերազմն է։

Տողի մշակույթի պալատը. Չի գործում պատերազմի ժամանակ վնասվելու պատճառով

Տողի մշակույթի պալատը. Չի գործում պատերազմի ժամանակ վնասվելու պատճառով

—Իսկ Ձեզ ջոկատում ինչպե՞ս ընդունեցին։

Երբ գյուղ եկա 2-րդ օրը ջոկատ ընդունեցին, զենք տվեցին, բայց ժողովներին չէին թողնում մասնակցեմ, կուսակցական չէի։ Եթե մեր ջոկատը մի բան անում էր, հետո էի ես դրա մասին իմանում։

– Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ Ձեր էլ սկսեցին յուրային համարել։

Մի քանի ամսում ես էլ մտա Դաշնակցության շարքերը, արդեն մասնակցում էի ժողովներին, իմանում էի, թե որտեղ, ինչ և երբ ենք անելու։

—Արկադի Տեր-Թադևոսյանը հետո գյուղ եկավ, չէ՞։

Հա, հետո գյուղ եկավ Կոմանդոսը։ Ապրում էր եղբորս՝ Ավետիսյան Ստեփանի տանը։ Որոշվեց ազատագրել գյուղը։ Մինչև գյուղն ազատագրելը ռուսները մի անգամ եկան, մտան գյուղ, որ իբր վախեցնեն մեզ, թե մեր զորքը շատ է, ու դուք չեք կարող դիմանալ։ Կոմանդոսի տղաներից մի տղա կար՝ անունը Հանդո, նռնականետը վերցրեց, կանգնեց ռուսական զորքի դիմաց։ Մեր ջոկատներն էլ տարբեր գյուղերից եկած, պառկած էին հայկական գերեզմանոցում։ Ռուսների հրամանատարն ասում էր, որ իրենք այսքան զորք ունեն և այլն և այլն։ Ինքն ու Կոմանդոսն այդտեղ մի քիչ վիճեցին, պարզվեց իրար ճանաչում են, պայմանավորվեցին։ Որոշվեց, որ պետք է գյուղը վերցնենք, և որ ռուսները չեն խանգարի։

—Տողի ազատագրման մասին կպատմե՞ք։ Ինչպե՞ս եղավ։

Մշակվեց Տողի ազատագրման ծրագիրը։ Ուղեկցողներ դրեցին գյուղի տարբեր մասերում։ Մի քանի ուղղությամբ ջոկատներ կային՝ Թաղլարի ջոկատն էր՝ Արթուր Աղաբեկյանի գլխավորությամբ, մեր ջոկատների տղերքն էլ գյուղի մյուս կողմից էին, Մանվել Գրիգորյանն էլ եկել էր, պահում էր ճանապարհը, որ թուրքերը չփախչեն։ Մի խոսքով տարբեր տեղերով մտանք, գյուղը գիշերով ազատագրեցինք, թուրքերը գնացին մտան ռուսների մոտ, ռուսները տեղափոխեցին նրանց։
Հետո արդեն Կոմանդոսը գնաց Ստեփանակերտ, սկսեց բանակ ստեղծվել։ Իսկ մեզ մոտ հրամանատար դարձավ Աղաբեկյան Արթուրը։ Սկսեցին գումարտակներ ձևավորվել՝ Տողի գումարտակը, Թաղլարի գումարտակը, Հադրութի գումարտակը։ Ղեկավարում էր Աղաբեկյանը։ Հետո այդպես առաջ գնացինք, ազատագրեցինք Հողեր գյուղը, այնուհետև՝ Կավաք գյուղը։ Այդ օրը շատ ուժեղ հարձակում եղավ մեզ վրա։ Գիշերը շրջապատեցին, մեր գյուղից հինգ զոհ տվեցինք, բայց բարձունքը չհանձնեցինք։ Հետո Աղաբեկյանն ասաց, որ այդ բարձունքը չենք վերցնելու, թողնելու ենք թուրքերին և մտնենք Ֆիզուլի։

Տողի ազատագրման պլանը

Տողի ազատագրման պլանը

—Դուք մասնակցեցի՞ք Ֆիզուլիի կռիվներին։

Ֆիզուլին՝ հա, մտանք Ֆիզուլի, ես Ֆիզուլի ոչ մի բան չեմ տեսել, ոչ ադրբեջանցի, ոչ մի բան։ Բոլորը թողել, փախել էին։

—Իսկ Դուք ե՞րբ դարձաք Աղաբեկյանի տեղակալը։

Մի անգամ Աղաբեկյանը եկավ մեր գումարտակ, ասաց, որ ես պիտի գնամ ուրիշ տեղ ծառայեմ, հետո եկանք շտաբ, ասաց, որ իր տեղակալն եմ լինելու։ Մի խոսքով էլի պատասխանատու էի մեր գումարտակի, մեր տարածքի համար։

—Պրն Ավետիսյան, երբ 1990-ին վերադարձաք Արցախ, ամուսնացած չէիք, չէ՞։ Պատերազմի տարիներին ինչպե՞ս հասցրիք ամուսնանալ, ընտանիք կազմել։ Ձեր կի՞նն էլ է Տողից։

Հա, ես իր հետ ընկերություն էի անում, ինքն այդ ժամանակ 8-րդ դասարանում էր սովորում, 3 տարի սպասել ենք, 10-րդ դասարանն ավարտել է, ես էլ բանակից եկա, ամուսնացանք։ 20-21 տարեկանում ամուսնացել ենք։

—Ռոբերտը Ձեր առաջնե՞կն է։

Չէ, մեր առաջնեկն աղջիկս է, հետո Ռոբերտը։ Երբ Ռոբերտը ծնվել է Կրասնոդարում, անունը Գևորգ են դրել, հետո, երբ ընկերս զոհվեց, տղայիս վերանվանեցի Ռոբերտ։ Միշտ իրեն տեսնում՝ ընկերոջս եմ հիշում։ Դժվար ժամանակներ էին, երբ ընկերս զոհվեց, չգիտեի ինչ անեմ, անընդհատ ուզում էի վրեժս լուծել, գնդացիրը վերցնում էի, սկսում էի կրակել թուրքերի վրա։ Մի խոսքով, այդ մտքերից ազատվելու համար որոշել էի դասակ հավաքել, հավաքեցի, հիմնականում տարիքով մարդիկ էին, չդիմացան ինձ, բողոքեցին, ցրեցին այդ դասակը։ Դրանից հետո երիտասարդների հավաքեցի, անունները գրեցի, բոլորը տանն էին, ամեն մեկը մի տեղ, իրենք բանակ չէին տեսել, չգիտեին՝ ինչ է զորանոցը և այլն։ Ես էլ ստիպում էի, որ դպրոցում մնան, մահճակալներ էի դրել։ Դեռ նոր-նոր կազմավորվում էր ամեն ինչ։ Իմ այդ դասակը շատ ուժեղ տղերք ուներ, 5 զոհ եմ տվել, մնացածը կենդանի են, գյուղում են, վիրավորներ էլ ենք ունեցել։

—Երիտասարդ էիք, դժվա՞ր չէր։

Իհարկե, ծանր էր։ Ասում են՝ զինվորականը պիտի ծառայի, իմանա ինչ է բանակը, ծառայությունը, իսկ մենք ամեն ինչ պրակտիկայով են արել, ամեն ինչ տեղում սովորել։

– Պարոն Ավետիսյան, երբ որ քայլում եք կամ մեքենայով ինչ-որ տեղ եք գնում, համոզված եմ շուրջբոլորն ինչ-որ բան հիշեցնում է, միգուցե ընկերոջ զոհվել, ինչ-որ կռիվ և այլն։ Ինչպիսի՞ն է կյանքը տարիներ անց։

Կարող եմ ասել՝ ամեն օր, ամեն վայրկյան, որտեղով գնում ենք հիշում եմ ամեն ինչ… Շատերին եմ պատմել պատերազմի մասին ու ամեն անգամ նորից հիշում եմ ինչ-որ դրվագներ…

Տողի ազատագրված փողոցները

Տողի ազատագրված փողոցները

—Մենք ինչո՞ւ հաղթեցինք, պարոն Ավետիսյան։ Ո՞րն է մեր հաղթանակի բանալին։

Ինչո՞ւ հաղթեցինք… որովհետև մենք այդ ժամանակ միասնական ենք եղել։ Երբ առաջին օրն ինձ զենք տվեցին, չգիտեմ՝ ինչու, բայց այնքան էի ուրախացել, զենքով էի պառկում քնելու։ Այնքա՜ն հետաքրքիր էր, որ հիմա հիշում եմ…. Միասնական էինք, մի ընտանիքի պես։ Մեր թշնամին դա էր ու պետք էր իրեն հաղթել։

—Իսկ թշնամին այսօր փոխվե՞լ է։

Այսօր թշնամին նույնն է։ Ուղղակի մեր պետությունը կարող է զոհվածների ընտանիքներին, հաշմանդամների ընտանիքներին ավելի լավ նայել, որ այսօրվա սերունդը տեսնի, որ այդ ընտանիքները լավ են ապրում, այդ ժամանակ ավելի լավ կլինի ամեն ինչ։ Փառք Աստծո, զոհվածների երեխաներն արդեն մեծացել են, աշխատում են տարբեր տեղերում, մեր գյուղում, օրինակ, զոհվածների տղաները բանակում են ծառայում։ Կյանքը շարունակվում է։ Եթե պատերազմ լինի, հաստատ էլի նույն բանն է կատարվելու, այս անգամ երևի ավելի հեշտ է լինելու, որովհետև մենք կանք, վետերանները կան, վետերանները զինվորի կողքին կկանգնեն։ Այդ զինվորներին մեզ հետ ավելի հեշտ է լինելու։ Օրինակ՝ մի քանի ամիս առաջ հավաքվեցինք, գնացինք դիրքեր, գիշերը մնացինք իրենց մոտ, տղաները հարցուփորձ էին անում, իրենց շատ լավ էին զգում։ Շատ հարցեր էին տալիս, թե ինչպես է պատերազմի ժամանակ եղել, հետո ինչպես է լինելու։ Մենք էլ մեծ եղբոր նման պատմում էինք, բացատրում։ Կարելի է նման բաներ հաճախակի կազմակերպել, գնալ մեկ-երկու օր մնալ, հետները դիրք պահել, ոգևորել ու գալ…

Վիգեն Ավետիսյանի հետ Հասմիկ Մելիքսեթյանը զրուցել է 2014 թվականի օգոստոսին

One response to “Երբ ինձ զենք տվեցին, այնքան էի ուրախացել, որ զենքով էի պառկում քնելու. Վիգեն Ավետիսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *