ՌԴ ռազմատիեզերական ուժերի՝ սեպտեմբերի 30-ից Սիրիայում իրականացրած ինտենսիվ ավիահարվածներն ու դրանց ընթացքում սպառվող մեծաթիվ ռումբերը ստիպել են ռուսաստանյան ավիառումբեր արտադրող ձեռնարկություններից մեկին անցնել աշխատանքի շուրջօրյա ռեժիմի՝ երեք հերթափոխով։ Այս մասին նշվում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի՝ Սիրիայում իրականացվող ռուսաստանյան ավիահարվածներին նվիրված հոդվածում։
Աղբյուրը հստակեցնում է, որ խոսքը «Տակտիչեսկոյե ռակետնոյե վոոռուժենիե» (ռուս.՝ Тактическое ракетное вооружение) կորպորացիայի մասին է, որն արտադրում է ԿԱԲ-500Ս (КАБ-500С, корректируемая авиационная бомба, масса: 500 кг) ուղղորդվող ավիառումբեր և «օդ-մակերևույթ» դասի Խ-29Լ (Х-29Л) հրթիռներ, որոնք ինտենսիվորեն օգտագործում են Սիրիայում տեղակայված «Հմեյմիմ» ավիաբազայից մարտական առաջադրանքով թռիչքներ իրականացնող ինքնաթիռները։
Նշենք, որ դատելով վերջին ամսում «Հմեյմիմ» ավիաբազայում արված և համացանցում տարածված լուսանկարներից ու տեսանյութերից, Սիրիայում կռվող զինյալների դիրքերի ռմբակոծման համար ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքաթիռներն օգտագործում են նաև մեծ քանակությամբ ՕՖԱԲ-250 (ОФАБ-250, осколочно-фугасная авиационная бомба, масса: 250 кг) ավիառումբեր, որոնք այս պահին, օգտագործվող հարվածային հիմնական միջոցն են Սիրիայի տարածքում։
ՕՖԱԲ-250-ով ռմբակոծումն իրականացնում են հիմնականում ՍՈւ-24Մ ճակատային ռմբակոծիչները, ինչպես նաև Սու-25 գրոհիչները։ Համեմատության համար նշենք, որ ԿԱԲ-500Ս ուղղորդվող ռումբերը հիմնականում նկատվել են ամրակցված՝ ժամանակակից Սու-34 ռմբակոծիչներին։
Իսլամիստ զինյալների ստորգետնյա բունկերներների, ինչպես նաև բետոնապատ ամրաշինական այլ կառույցների խոցման համար ռուսաստանյան օդուժն օգտագործում է ԲԵՏԱԲ-500 (БЕТАБ-500, бетонобойная авиационная бомба, масса: 500 кг) ավիացիոն ռումբերը։
Հավելենք, որ համացանցում հրապարակված արբանյակային լուսանկարների համաձայն, հոկտեմբերի 18-ի դրությամբ Սիրիայում ռուսաստանյան «Հմեյմիմ» ավիաբազայում առկա են 12-ական միավոր Սու-24Մ ճակատային ռմբակոծիչ և Սու-25 գրոհիչ, 4-ական միավոր Սու-34 ռմբակոծիչ և Սու-30ՍՄ կործանիչ, ռադիոէլեկտրոնային համալիր հետախուզության Իլ-20Մ ինքնաթիռ, ինչպես նաև բեռնատար Մի-8 և հարվածային Մի-24 ուղղաթիռներ։
Pingback: Ռուսաստանը Սիրիայում նաև զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել | Ռազմ.info