Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

ՀՀ նախագահն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Զրուցակիցները քննարկել են Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Համանախագահները ՀՀ նախագահին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում իրենց առաջիկա օրերի ծրագիրը, այդ թվում՝ այցելությունը Արցախ, այնուհետև՝ Ադրբեջան:

ՀՀ Նախագահը կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որը Հանրապետության նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից:

Համանախագահներին այսօր ընդունել է նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով միջնորդների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:

«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։

Ավելացնենք, որ այսօր առավոտյան ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ասուլիս է ունեցել Երևանում, ինչի ժամանակ հայտնել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Իր հերթին Արցախի արտգործնախարարության կայքը հայտնել է, որ հոկտեմբերի 26-ին համանախագահներն այցելելու են նաև Արցախ, որտեղ հանդիպելու են տեղի իշխանություններին և մասնակցեն Մարտակերտ-Թարթառ հատվածում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի դիտարկմանը: Հենց դիտարկման ժամանակ էլ համանախագահներն Արցախից անցնելու են Ադրբեջան:

One response to “Նախագահ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

  1. Pingback: Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *