ՆԱՏՕ-ն չի ցանկանում սադրել Ռուսաստանին. Ջեյմս Ապատուրայ

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում մեկնարկել է Հարավային Կովկասի անվտանգության ֆորումը և Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը, որին մասնակցում է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաժողովի բացման արարողությունը

Համաժողովի բացման արարողությունը

Բացման արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ կառավարությունից, արտգործնաարարությունից։

Վրաստանի պաշտպանության նախարարը համաժողովի ժամանակ դարձյալ խոսել է ՆԱՏՕ-ի՝ Վարշավայում կայանալիք առաջիկա գագաթաժողովի մասին, ինչպես նաև դեկտեմբերին սպասվող ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների արտգործնախարարների հանդիպման մասին։

«Կարծում եմ, որ այդ գագաթաժողովների ժամանակ ևս մեկ անգամ կհաստատվի, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունն իրական գործընթաց է, որին չի կարող խոչընդոտել որևէ երրորդ կողմ։ Բացի այդ, հավատում եմ նաև, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև այլևս խոչընդոտ չի լինի և Դաշինքը վստահ կասի՝ Վրաստանը պատրաստ է ՆԱՏՕ-ի համար»,— հայտարարել է Խիդաշելին։

Համաժողովին ելույթ է ունեցել նաև Ջեյմս Ապատուրայը, նշելով, որ Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար հուսալի թեկնածու է։ «Դաշինքը չի ցանկանում այնպիսի ուղերձ ուղարկել, որը կարող է սադրել Ռուսաստանին և այդ տեսանկյունից չենք ցանկանում Վրաստանին հարվածի տակ դնել»,—հայտարարել է Ապատուրայը։

Համաժողովից հետո Ապատուրայը հանդիպել է Թինա Խիդաշելիին, քննարկել են Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Նախատեսվում է նաև ՊՆ Դավիթ Աղմաշենեբելիի անվան ռազմական ակադեմիայում Ապատուրայի դասախոսությունը։

Նշենք, որ Թբիլիսիում անցկացվող համաժողովի նպատակն է խորացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև փորձի փոխանակում անել։ Քննարկվել են եվրոատլանտյան անվտանգության, տեղեկատվական և հիբրիդային պատերազմներին վերաբերող հարցեր, Մերձավոր արևելքից եկող վտանգը, 2016 թվականին նԱՏՕ-ի գագաթաժողովը, ուկրաինական ճգնաժամը և այլն։

Միջոցառումը կազմակերպել են Վրաստանի ՊՆ-ն, Վրաստանի միջազգային հարաբերությունների և ռազմավարության հետազոտությունների հիմնադրամը (Georgian Foundation for Strategic and International Studies, — GFSIS) և Եվրոպական և եվրաատլանտյան հարցերի կենտրոնը (Centre for European and North Atlantic Affairs, — CENAA)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *