ՄԱԿ-ի՝ սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել են 2014-ին տարբեր երկրների արտահանած սպառազինության հայտարարագրերը, որոնց ներկայացրած տվյալներում տեղ է գտել Ադրբեջանին վերաբերող ևս մեկ գործարք։ Կանադայի՝ արտահանված հրազենի մասին ՄԱԿ-ին ներկայացրած հայտարարագրի համաձայն, 2014-ին այդ երկիրը Ադրբեջանին է վաճառել 500 հատ գրոհիչ հրացան (ավտոմատ)։ Հրազենի ստույգ տեսակը, սակայն, ռեգիստրում չի նշվում։
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին ՄԱԿ-ի նույն ռեգիստրից հայտնի էր դարձել նաև 2014-ին Հայաստանին վաճառված հրազենի որոշ տեսակների մասին։ Ռեգիստրում մասնավրոապես նշված էր Ռումինիայից Հայաստան ներմուծված 130 հատ 7,62 մմ դիպուկահար հրացանի և նույն երկրից ներմուծված իտալական ծագման 55 հատ ատրճանակի մասին։
Հիշեցնենք, որ օրերս ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվեց նաև ՌԴ-ի արտահանած սպառազինության հայտարարագիրը, համաձայն որի, 2014-ին այդ երկիրը Ադրբեջանին մատակարարել է 65 միավոր տանկ, 78 միավոր ՀՄՄ և 118 միավոր խոշոր տրամաչափի (100 մմ և ավելի) հրետանային միջոցներ։