Սիրիայում զոհվել է ևս մեկ իրանցի գեներալ

Հոկտեմբերի լույս 23-ի գիշերը Սիրիայի կենտրոնական շրջաններում մղվող մարտերի ժամանակ զոհվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայող, բրիգադի գեներալ Ռեզա Խավարին: Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Գեներալի զոհվելու լուրը մեկնաբանելով՝ ԻՀՊԿ հանրային կապերի ղեկավար, գեներալ Ռամեզան Շարիֆը հայտնել է, որ քանի որ սիրիական կառավարական ուժերը զինյալների դեմ պայքարում հաջողություններ են գրանցում տարբեր ուղղություններում, Իրանն այնտեղ ավելի շատ խորհրդատուներ է ուղարկում՝ Սիրիայի բանակին աջակցելու համար: Ենթադրաբար սա է պատճառը, որ վերջին շրջանում ավելացել է Սիրիայում սպանվող իրանցի զինվորականների թիվը: Պաշտոնյայի խոսքով՝ «վերջին օրերին» Սիրիայում զոհվել է Իրանի ԻՀՊԿ 8 զինծառայող:

Իրանական գործակալության այն հարցին, թե ինչու են զոհվածները հենց բարձրաստիճան սպաներ, ԻՀՊԿ ներկայացուցիչը շեշտել է, որ Իրանը Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ: Իրանական կողմը Սիրիա է ուղարկում ռազմական խորհրդատուներ, որոնք էլ բարձրաստիճան սպաներ են:

Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել, որ Սիրիայում զոհվել է նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի նախկին թիկնապահ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայող Աբդոլլահ Բաղերի Նիյարաքին, որը նույնպես Սիրիա էր գործուղվել որպես զինվորական խորհրդատու:

Օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Սիրիայում մարտերի ժամանակ զոհվել են իրանցի ևս մեկ գեներալ և երկու գնդապետ:

Ավելացնենք, որ թեև արևմտյան շատ լրատվամիջոցներ հայտնում են, որ Իրանը Սիրիային օգնելու համար այնտեղ է ուղարկում զինված ստորաբաժանումներ, սակայն Իրանը միշտ պաշտոնապես հերքում է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ իրենք միայն զինվորական խորհրդատուներ են ուղարկում Սիրիա:

One response to “Սիրիայում զոհվել է ևս մեկ իրանցի գեներալ

  1. Pingback: Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի բարձրաստիճան սպա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *