Այսօր լրանում է Արծվաշենի անկման 20-ամյակը

Այսօր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ուր ավելի քան 1800 արծվաշենցիներ են բնակվում, անցկացվելու է Արծվաշենի անկմանը նվիրված հիշատակի օր:
Արծվաշենի ինքնապաշտպանական մարտերը սկսվեցին 1989 թվականին և ձգվեցին շուրջ երեք տարի` մինչև 1992-ի օգոստոսի 8-ը: 20 տարի առաջ այդ օրը ընկավ Գեղարքունիքի մարզի արևելյան հատվածում գտնվող Արծվաշեն գյուղը: Գյուղը մինչև հիմա օկուպացված է Ադրբեջանի կողմից: Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանի խոսքերով՝ գյուղի անկման հիմնական «մեղավորը» գյուղի տեղն ու դիրքն էր: Արծվաշենը աջ և ձախ կողմերից շրջափակված է եղել ադրբեջանական սահմանով:
1992-ի օգոստոսի 4-ից երեք օր շարունակ Արծվաշենի պաշտպանությունն իրականացրել են Վանաձորի 016 մոտոհրաձգային գնդի զինվորները, որոնք այդ օրեին մոտ 4500 մարդու կյանք են փրկել՝ ապահովելով նրանց դուրսբերումը արդեն իսկ օղակի մեջ հայտնվող Արծվաշենից:
Օգոստոսի 7-ին 016-ի 12 զինվոր մնացին փակված օղակում: Կատաղի մարտը տարբեր զինատեսակներով զինված թշնամու դեմ տևեց մոտ 4 ժամ…Իսկ հետո նրանց դիերը հայակական կողմին հանձնելիս ադրբեջանցի գնդապետն ասաց. «Մինչև վերջին փամփուշտը արիաբար կռվեցին: Նրանք ձեր ազգի պարծանքն են»:
Գյուղից դուրս գալու համար ադրբեջանական կողմը արծվաշենցիներին ընդամենը մեկ ժամ էր հատկացրել: Ներկայումս Գեղարքունիքի մարզպետարանի տվյալներով՝ Արծվաշենից տեղահանված ընտանիքների թիվը 719 է, որոնցից 664 ընտանիքներ բնակություն են հաստատել Գեղարքունիքի մարզի բնակավայրերում և 55 ընտանիքներ այլ մարզերում: Արծվաշենցիները համարվում են ներքին տեղահանված և չունեն փախստականի կարգավիճակ: Նրանցից շատերի համար այսօր էլ առաջնային է մնում բնակարանային հարցը:
Նշենք, որ գյուղը հիմնադրվել է 1854 թվականին՝ Շամշադինից տեղափոխված հայերի կողմից: Խորհրդային տարիներին Արծվաշենում 4 արդյունաբերական ձեռնարկություն էգործել, իսկ դա նշանակում է, որ հայկական իշխանությունները հասկանում էին գյուղի ռազմավարական նշանակությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *