Վրաստանի ՆԳ առափնյա պահպանության ստորաբաժանումը վարժանքներ կանի ամերիկացի նավաստիների հետ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին աջակցելու «Ատլանտյան որոշում» գործողության շրջանակներում ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի ականակիր «Փորթեր» (Porter (DDG 78)) նավը հոկտեմբերի 9-ին մտել էր Սև ծով՝ այցելելով Ուկրաինա, իսկ հոկտեմբերի 20-ին եռօրյա այցով մոտեցել էր Բաթումի նավահանգստին։

ԱՄՆ ՌԾՈւ «Փորթեր» (Porter) ականակիր նավը Բաթումիում

ԱՄՆ ՌԾՈւ «Փորթեր» (Porter) ականակիր նավը Բաթումիում

Ամերիկյան անձնակազմին այդ օրը դիմավորել էր Աջարիայի վարչապետ Արչիլ Խաբաձեն և փոխվարչապետ Բագրատ Մանվելիձեն։

Նշվում է, որ ամերիկացի նավաստիները Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ համատեղ զորավարժություն են անելու։

Հոկտեմբերի 22-ին էլ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին,  ՆԳ նախարար Գեորգի Մղեբրիշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեպսան Յան Քելին ներկա են եղել նավի վրա կազմակերպված ընդունելությանը։  Խիդաշելին այդտեղ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր պետության ռազմանավի հայտնվելը Սև ծովում  անվտանգության երաշխիք է այն երկրների համար, որոնք վտանգի տակ են։

Վրաստանի պաշտպանության և ՆԳ նախարարները ամերիկյան «Փորթեր» նավում շրջելիս

Վրաստանի պաշտպանության և ՆԳ նախարարները ամերիկյան «Փորթեր» նավում շրջելիս

«Ղիմի բռնազավթումից հետո Սև ծովում անվտանգության խնդիրները շատացան։ Այդ առումով ՆԱՏՕ-ի անդամ յուրաքանչյուր պետության ռազմանավի հայտնվելը Սև ծովում անվտանգության երաշխիք է բոլոր այն երկրների համար, ովքեր կարող  են վտանգի տակ հայտնվել կամ սպասում են արտաքին ագրեսիայի»,—հայտարարել է Խիդաշելին։

Նշենք, որ ընդունելությանը ներկա է եղել նաև Վրաստանի ՆԳ սահմանապահ ոստիկանության պետ Զուրաբ Գամեզարդաշվիլին։

Հարկ է նշել, որ ամերիկյան ռազմանավերը հաճախ են մտնում Սև ծով՝ պատճառաբանելով, որ այդպես աջակցում են բոլոր այն երկրներին, ովքեր ենթարկվում են «ռուսական ագրեսիային»։ Ռազմանավերը հիմնականում Սև ծովի երկրների հետ զորավարժություններ են իրականացնում, ինչպես նաև տեղի բնակչության համար նավի ցուցադրություն, էքսկուրսիա կազմակերպում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *