Օբաման վետո է դրել երկրի՝ 2016 թվականի պաշտպանական բյուջեի նախագծի վրա

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո է դրել երկրի՝ 2016 թվականի պաշտպանական բյուջեի նախագծի վրա, որով նախատեսվում էր նաև զինել Ուկրաինային մահաբեր զենքով, այդ թվում՝ հակատանկային համակարգերով, ականանետներով ու նռնականետներով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

ԱՄՆ Սպիտակ տուն

ԱՄՆ Սպիտակ տուն

Բարաք Օբաման իր վետոյի կիրառումը պարզաբանել է նրանով, որ թեև նախագծում առկա են դրական կետեր, մասնավորապես՝ զինվորական կենսաթոշակային համակարգի բարեփոխումները, սակայն դրանում առկա թերացումները խանգարում են երկարաժամկետ ռազմավարության մշակմանն ու խոչընդոտում են պետական անվտագային համակարգի կատարելագործմանը՝ ֆինանսական ավելորդ ծախսերի տեղ տալով: Սա մինչ այդ արդեն քննադատվել է երկու հիմնական կուսակցությունների կողմից։

Նշենք, որ նախագահի վետոն բեկանելու համար հանրապետականները երկու պալատներում էլ չունեն անհրաժեշտ թվով ձայներ, ինչը նշանակում է, որ Օբամայի որոշման արդյունքում քննարկումները բյուժեի նախագծի վերաբերյալ շարունակվելու են։

Նշենք, որ նախագիծը մինչ նախագահական սեղանին հասնելը հաստատվել էր երկու պալատներում։ Այն նախատեսում էր ԱՄՆ կառավարությանը թույլատրել Ուկրաինային զինելու վրա ծախսել մինչև 300 մլն ամերկյան դոլար, եթե այդ օգնության 20%-ից ավելին չլինի հարձակողական զենք:

Հատկանշական է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային վաղուց է ոչ մահաբեր զենք տրամադրում: Ուկրաինական ուժայիններն առաջին 10 միավոր HMMWV (Humvee) ռազմական զրահապատ մեքենաները ստացել են դեռևս 2015-ի մարտի 25-ին, որոնք Ուկրաինա են տարվել ԱՄՆ օդուժի բեռնատար ինքնաթիռով: Սակայն Սպիտակ տունը հրաժարվում է ուկրիանական կառավարությանն օժանդակել նաև մահաբեր զենքով՝ պատճառաբանելով, որ այդ քայլը կարող է սրել ճգնաժամը և առիթ տալ Ռուսաստանին՝ ներխուժել Ուկրաինա։

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրած Humvee զրահամեքենաների առաջին խմբաքանակը

Միացյալ Նահանգների՝ Ուկրաինային տրամադրած Humvee զրահամեքենաների առաջին խմբաքանակը

Հիշեցնենք, որ ռուսաստանյան խորհրդարանական «Արդար Ռուսաստան»  կուսակցության առաջին փոխնախագահ Միխայիլ Եմելյանովը մարտի 24-ին հայտարարել էր, որ ՌԴ Պետդուման պետք է վերականգնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ուկրաինա զորքեր մտցնելու իրավունքը, եթե ԱՄՆ-ն զենքով սկսի էականորեն աջակցել ուկրաինական կառավարական ուժերին։ Այս հայտարարությունը հաջորդել էր մարտի 17-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում մի բանաձևի ընդունմանը, որով նախագահ Բարաք Օբամային խորհուրդ էր տրվել  հաստատել Ուկրաինային մահաբեր պաշտպանողական զենք մատակարարելու որոշումը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2014-ի գարնանը: Ճգնաժամը հաղթահարելու նպատակով 2015-ի փետրվարի 11-12-ին Մինսկում կայացան բանակցություններ, որոնց մասնակցում էին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն: Վերոնշյալ բանակցությունների արդյունքում որոշվել էր փետրվարի 15-ին՝ Կիևի ժամանակով ժամը 00:00-ին, հայտարարել հրադադար։ Սակայն զինադադարի հայտարարումով ռազմական բախումներին Ուկրաինայի արևելքում վերջ չդրվեց։

Ավելացնենք, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ուկրաինայում իրավիճակի լարվելուց հետո բազմիցս մեղադրել են Մոսկվային՝ ապստամբներին աջակցելու և զինելու համար, ինչը, սակայն, ՌԴ իշխանությունները հերքել են՝ նշելով, որ իրենք ներքաղաքական հակամարտությունում կողմ չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *