Մեկնարկել են հայ-ռուսական զորավարժությունները.ամփոփում

Այսօր մամուլում շրջանառվում էր զինուժին առնչվող մի քանի թեմա։ Դրանք են՝ անցկացվել են հայ-ռուսական համատեղ մարտավարական զորավարժություններ, Մոլդովան չեղյալ է հայտարարել Հայաստանին սպառազինության վաճառքի մասին պայմանագիրը , բանակի թեման ասուլիսում չի շրջանցել «Արցախ հայրենակցական միության» նախագահ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը, մեկ այլ պատգամավոր՝ Կարեն Սարիբեկյանը խոսել է Ադրբեջանի ռազմական բյուջեից, իսկ ֆեյսբուքի օգտատերերից մեկը հռետորական հարց է հնչեցրել, որը ևս լուսաբանվել է մամուլում։

Ինչպես արդեն նշեցի՝ ՀՀ ԶՈւ-ի եւ ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի ստորաբաժանումները` համալրված BPM-2 հետեւազոր մարտական մեքենաներով եւ T-72B տանկերով, ինչպես նաև՝  հրետանու եւ ՀՕՊ միջոցների աջակցությամբ, մշակել են փոխգործակցության քայլերը՝ բարդ լեռնային գոտիներում պաշտպանական մարտի վարման պայմաններում:

Մինչ ընթացքի մեջ են հայ-ռուսական զորավարժությունները՝ Մոլդովան հաստատում է Հայաստանին զենք վաճառելու պայմանագրի չեղյալ հայտարարելու մասին՝ նշելով, որ դրա հետ կապված իրավական խնդիրներ չկան, խնդիրը քաղաքական է։

Լուրի սկզբնաղբյուրը ադրբեջանական լրատվամիջոցներն են, որը թարգմանությամբ տեղ է գտել հայկական մամուլում։ Իսկ մոլդովական աղբյուրները նշում են, որ ամեն ինչ կհստակեցվի Մոլդովայի խորհրդարանական համապատասխան հանձնաժողովի կողմից ներկայացվելիք հաշվետվությունից հետո:

«Այո, լինում է, զինվորներ են զոհվում, իսկ ի՞նչ է՝ քաղաքում վթարներ չե՞ն լինում»,- այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով բանակում գրանցված մահվան դեպքերին՝ ասել է Համլետ Հարությունյանը։ Նա այն կարծիքի է, որ հակաբանակային հայտարարություններն ուղորդված են դրսից, իսկ «մեր թշնամիները «գործի անցան», երբ հայտարարվեց, որ Հայոց բանակը տարածաշրջանում ամենամարտունակ բանակն է»,- համոզված է «Արցախ» հայրենակցական միության նախագահը։

Իսկ ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը նշել է, որ Հայաստանի ռազմական բյուջեն ևս աճել է, սակայն հայկական կողմը շեշտը դնում է ոչ թե սպառազինության ավելացման, այլ որակ ապահովելու վրա։

Որպես վերջաբան մեջբերեմ լրատվամիջոցների արտատպած ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ամեն մեկս, քնելուց առաջ գեթ մեկ րոպե մտածենք այն մասին, որ այսօրվա մեր հանգիստ քունը պարգևել են նաև այն տղաները, ովքեր հենց նույն պահին, խրամատում կանգնած, անքուն պաշտպանում են մեր սահմանը, ու մենք էլ պարտավոր ենք սահմանից կիլոմետրեր հեռու, պաշտպանել նույն այդ տղաների իրավունքները, ապա Հայոց բանակը իսկապես կկայանա»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *