Հոկտեմբերի 19-ին Վրաստանի Նորիո գյուղի շրջակայքում «Նորիո» ուսումնական կենտրոնի տարածքից դուրս հայտնաբերվել է առաջին հետևակային բրիգադի 12-րդ գումարտակի 3-րդ վաշտի զինծառայող Գուրամ Կոմլաձեի դին։ Հետաքննությունը վարում է Վրաստանի ռազմական ոստիկանությունը։Այս մասին հոկտեմբերի 20-ին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Զինծառայողի մահվան մասին տեսանյութի միջոցով հայտնել է Վրաստանի ԶՈւ ցամաքային զորքերի արևելյան օպերատիվ խմբավորման հրամանատար, գնդապետ Գրիգոլ Չելաձեն՝ չհայտնելով մահվան հանգամանքների վերաբերյալ որևէ տեղեկություն։
Նշենք, որ հոկտեմբերի 20-ին հայտնի էր դարձել, որ դարձյալ հոկտեմբերի 19-ին Թբիլիսիում ինքնասպան էր եղել մի զինծառայող՝ նետվելով կամրջից։ Զինծառայողի անձնական և ծառայողական տվյալները դեռևս հայտնի չեն, միայն նշվում է, որ վերջինս «առաջին բրիգադի զինծառայող էր»։
Նշենք, որ սա արդեն վերջին 2 ամսում Նորիո» ուսումնական կենտրոնի մերձակայքում հայտնաբերված 2-րդ զինծառայողի դին է, իսկ 2 ամսվա ընթացքում Վրաստանի բանակում՝ մահվան 4-րդ դեպքը։
Հատկանշական է, որ սեպտեմբերի 1-ին Նորիո» ուսումնական կենտրոնի միջադեպից հետո Վրաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է իրականացնել զինված ուժերում ինքասպանության կանխմանն ուղղված նոր ծրագիր՝ «Ուս ուսի»։ Այս ծրագրի շրջանակներում Վրաստանի ՊՆ և ԳՇ բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն մոտ 2 ամիս է զինծառայողների համար դասախոսություններ են կարդում տարբեր զորամասերում, ռազմական բուհերում։ Ծրագրի շրջանակներում խոսվում է ինչպես ինքասպանության կանխման, այնպես էլ բանակում արատավոր բարքերի (խաղամոլություն) վերացման մասին։