Հոկտեմբերի 20-21-ը պաշտոնական այցով Վրաստանում էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Վիկտոր Մուժենկոն։ Վերջինիս ընդունել է Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են ռազմական համագործակցության վերաբերյալ հարցեր։ Հանդիպումից հետո ուկրաինական պատվիրակությունն այցելել է Վրաստանի «Կրծանիսի» ազգային ուսումնական կենտրոն և հետևել անցկացվող «Դիդգորի-2015» հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին։ Մուժենկոն եղել է նաև Ծերովանիի վերականգնողական կենտրոնում, որտեղ վերականգնողական բուժում է անցնում ուկրաինացի զինծառայողների արդեն 2-րդ խումբը։
Նշենք, որ այս տարվա օգոստոսի 20-ից սեպտեմբերի 3-ը ուկրաինացի 7 զինծառայող վերականգնողական բուժում է անցել Ծերովանիում։ Զինծառայողները Վրաստան են գալիս 2015 թվականի ապրիլի 28-ին կնքված համաձայնագրի շրջանակներում։
Տեղեկացնենք նաև, որ Վրաստանն ու Ուկրաինան ռազմական ոլորտում համագործակցում են 1998 թվականից։ Երկու երկրների պաշտպանության նախարարություններն ամեն տարի ստորագրում են համագործակցության ամենամյա ծրագիր։ 2007 թվականից մինչ օրս Վրաստանի Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցում վերապատրաստվել է 50-ից ավել զինծառայող։